Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմիԿՄՍ վարչության պետի պատոնակատարի զեկույցը 2016թ օգոստոսյան ավանդական կոնֆերանսին

29.08.2016

Հարգարժան պարոն մարզպետ, պարոն Ղուկասյան,
հարգելի գործըներներ, կոնֆերանսի մասնակիցներ:
Ողջունում եմ ձեզ և շնորհավորում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Մինչ կղողանջի սեպտեմբերյան դպրոցական առաջին զանգը, անհրաժեշտ է վերլուծել և ամփոփել 2015-16 ուս. տարին. հպարտանալ հաջողություններով ու ձեռքբերումներով, քննարկել առկա խնդիրներն ու գտնել լուծումներ:
2015-16 ուստարում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունն իր աշխատանքային գործունեությունը իրականացրել է՝ առաջնորդվելով ՀՀ կրթության մասին օրենսդրությամբ, «ՀՀ Արագածոտնի մարզի 2015-18թթ զարգացման ծրագրի» դրույթներով, ՀՀ ԿԳ նախարարի հրամանների պահանջներով, ՀՀ Արագածոտնի մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, ԿՄՍ վարչության աշխատանքնային ծրագրով:
ՀՀ Արագածոտնի մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական դպրոց, որից 79-ը միջնակարգ, 39՝ հիմնական, 1՝ հատուկ, 1՝ մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում, համայնքնային ենթակայության 36 մանկապարտեզ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզում գործող հանրակրթական դպրոցներում ձևավորվել է 1239 դասարան՝ 17 022 աշակերտով (13 միջին խտությամբ): Առաջին դասարան է ընդունվել 1803 աշակերտ՝ ձևավորելով 127 դասարան՝ 14 միջին խտությամբ: Փոքր աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում միջին խտությունը բարձրավնելու նպատակով ձևավորվել են բազմահամակազմ դասարաններ:
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցը լիցենզավորվել և իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական ծրագրեր: 2015-16 ուստարում դպրոցում կոմպլեկատավորվել է 9 դասարան՝ 45 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 6 աշակերտ՝ բժշկամանկավարժահոգեբանական եզրակացությամբ և վկայագրերով:
Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է ներառական կրթություն 16 աշակերտի համար: 2016-17 ուստարում Թալինի թիվ 1, Թալինի թիվ 2 և Աշնակի միջնակարգ, ինչպես նաև Արտենիի հիմնական դպրոցներում ևս կիրականցվի ներառական կրթություն:
2016թ ԿՄՍ վարչության կողմից ՀՀ ԿԳՆ-ից ստացվել և բաշխվել է.
• միջնակարգ կրթության 1146 ատեստատ / 1-ը վերադարձվել է ՀՀ ԿԳՆ/
• հիմնական կրթության 1254 վկայական /78-ը վերադարձվել է ՀՀ ԿԳՆ/
• հիմնական կրթության հատուկ նմուշի -22 վկայական / 3-ը վերադարձվել է ՀՀ ԿԳՆ/
• գովասանագիր – 3456 հատ:

ՀՀ Արագածոտնի մարզի Դավթաշենի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գոռ Հարությունյանը արժանացել է ոսկե մեդալի և՝ միասնական 3 քննությունից ստանալով 20-ական միավոր, ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
2015-16 ուստարում միասնական քննություններին մասնակցել են 523 աշակերտներ, որոնցից 428-ը ընդունվել են ԲՈՒՀ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան-համայնք-դպրոց համատեղ և համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններ՝ համաձայն դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների տեղեկատվության, մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չեն եղել: Հավելեմ նաև, որ մարզում չկան մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ: Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները սերտ համագործակցության մեջ են ոստիկանության մարզային կառույցների անչափահասների բաժնի աշխատակիցների հետ:
Հարգելի գործընկերներ,
2015-16 ուստարում լրացավ Պարտիզակի, Բերքառատի, Քուչակի, Ակունքի, Ոսկեվազի, Արագածոտնի միջնակարգ և Ապարանի թիվ 1, Հացաշենի հիմնական դպրոցների տնօրենների 65 տարին և ՀՀ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն նրանք ազատվեցին ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից, սակայն նրանցից շատերը շարունակում են մանկավարժական գործունեությունը՝ իրենց հարուստ փորձը փոխանցելուվ երիտասարդ մասնագետներին: Մենք խորին երախտիքի խոսքբ ենք ուղղում նրաանց և մաղթում քաջառողջություն: Գետափի, Օշականի, Թալինի թիվ 2, Աշտարակի թիվ 4 հիմնական և Հնաբերդի, Ակունքի, Արագածոտնի, Զարինջայի, Նոր Եդեսիայի, Ոսկեվազի, Սիփանի, Սուսերի, Պարտիզակի միջնակարգ դպրոցների թափուր պաշտոնների համար կառավարման խորհուրդները հայտարարել և պատշաճ կարգով անց են կացրել մրցույթներ, որոնց արդյունքում ընտրված տնօրենների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր՝ 5 տարի ժամկետով: Դիանի, Աշտարակի թիվ 3, Հացաշենի, Ապարանի թիվ 1 հիմնական և Բերքառատի, Նոր Ամանոսի, Զովասարի, Ծիլքարի, Ծաղկաշենի, Ալագյազի, Քուչակի, Ներքին Բազմաբերդի, Ագարակավանի միջնակարգ դպրոցների կառավարման խորհուրդները հայտարարել են մրցույթներ տնօրենների թափուր պաշտոնների համար:
Մարզպետարանի ներքին աուդիտի ուսումնասիրության արդյունքում Օհանավանի, Կարբիի, Բազմաղբյուրի և Օշականի միջնակարգ դպրոցների տնօրենները աշխատանքնային պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ենթարկվել են կարգապահական տույժերի:
Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 2781 ուսուցիչներ, որից 2180 ունեն բարձրագույն կրթություն (82%): Մյուսները ունեն միջին մասնագիտական կրթություն: ՀՀ Արագածոտնի մարզպետի միջնորդությամբ միջին մասնագիտական կրթություն ունեցողների զգալի մասն իրենց կրթությունը շարունակում են մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ստանալով համապատասխան մասնագիտական կրթություն: Մարզի դպրոցներում, հատկապես փոքր համակրազմ ունեցող, լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ համայնքային դպրոցներում լուրջ խնդիր է ուսուցիչներին 1 դրույք ծանրաբեռնվածությամբ ապահովելը: Մարզում կան բարձր առաջադիմությամբ մանկավարժական ԲՈՒՀ-երն ավարտած երիտասարդ կադրեր, սակայն դպրոցներում դանդաղ իրականացվող սերնդափոխության հետևանքով զրկված ենաշխատելու հարավորությունից: Մարզում խիստ զգացվում է բնագիտական, ֆիզկուլտուրա, օտար լեզուներ, ինֆորմատիկա, երգ, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաների մասնագետների կարիք: Բնագիտական առարկաներին հատկացված ժամաքանակը շատ քիչ է և հատկապես լեռնային և բարձր լեռնային համայնքների դպրոցներում այդ առարկաների ժամերը թափուր են մնում կամ պարապվում են ոչ մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ՀՀ ԿԳ նախարարի 15.04.2013թ N396-Ն հրամանով հաստատված ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի համաձայն՝ թափուր տեղերի հայտարարությունները պարբերաբար տրվում են հանրապետական, մարզային լրատվամիջոցներում: Սակայն հեռավոր, բարձր լեռնային, եզդիաբնակ համայնքների դպրոցներում մրցույթները չեն կայանում դիմորդ չլինելու պատճառով: Ուսումնական գործընթացը չձախողելու համար դասաժամերը հատկացվում են ոչ մասնագետների, ինչի արդյունքում ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից այդ փաստն արձանագրվում է որպես կարգի խախտում: Մեկ այլ դեպքում դասաժամերը չեն պարապվել մասնագետի բացակայության պատճառով: Սա էլ արձանագրվել է որպես դասաժամերի թերակատարում: Սա մտահոգիչ խնդիր է, որին հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել և վերանայել կարգը:
2015թ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի Արագածոտնի մասնաճյուղի կողմից մարզի 347 ուսուցչի համար կազմակերպվել են նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ: 2015-16թթ պարզ ընթացակարգով /փաստաթղթային/ ատեստավորվել է 338 ուսուցիչ: 2016թ նախաատեստացիոն վերապատրաստում անցել են 586 ուսուցիչ: Մարզի 13 ուսուցիչ որակավորման առաջին տարակարգ ունեն:
Հարկ է նշել, որ համապատասխան աշխատանք է տարվել ջեռուցման ապահովման ուղղությամբ, որի արդյունքում դպրոցները նախընտրած վառելիքով կազմակերպել են դպրոցական շենքերի ջեռուցումը՝ 44 դպրոց՝ բնական գազով, 7-ը՝ գազոց և հեղուկ վառելիքով, 38-ը՝ հեղուկ վառելիքով, 23-ը՝ էլեկտրական տաքացուցիչներով: 6 դպրոցում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելիքով և էլեկտրական տաքացուցիչներով, իսկ 1 դպրոցում՝ գազով և էլեկտրական տաքացուցիչներով:
Ուսումնական հաստատությունների գործունեության կարևոր մաս են կազմում նաև բարեկարգ և խնամված դպրոցական շենքներն և նրանց կից այգիներն ու հողամասերը: Տարբեր ֆինանսական ներդրումներով հիմնանորոգվում կամ մասնակի վերանորոգվել են մարզ մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ: Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են կամ դեռ շարունակվում են աշխատանքները.
ՀՀ քաղաքաշինության նախարարության միջոցներով իրականացվել են.
 Արագածի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում /262,000.0/
 Ծաղկահովիտի դպրոցի հիմանորոգում 187,389.5
 Վարդենիսի դպրոցի նոր շենքի կառուցում- 419,000.0
 Աշտարակի մարզադպրոցի կառուցում-265,000.0
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի միջոցներով իրականացվել են.
 Քուչակի մարզադպրոցի հատակի նորոգում-5,000.0
 Ապարանի մարզադպրոցի վերանորոգում-4,235.0
 Արագածավանի թիվ 3 մանակպարտեզի վերանորոգում-10,000.0
 Արտենիի մանկապարտեզի խոհանոցի նորոգում -1,500.0

2015 նոյոմբերին քամիներին հետևաքով տուժած դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով իրականացվել են.
 Ապարանիթիվ 2 դպրոցի տանիքի վերանորոգում-3,512.10
 Բազմաղբյուրի դպրոցի տանիքի կառուցում-23,622.00
 Ավանի դպրոցի տանիքի վերանորոգում-19,550.00
 Ղազարավանի դպրոցի տանիքի վերանորոգում-1,840.00
 Օրգովի դպրոցի տանիքի և լուսամուտների վերանորոգում-2,107.00
 Անտառուտի դպրոցի տանիքի վերանորոգում-1,686.00
 Արուճի դպրոցի տանիքի կառուցում-843
 Կոշի դպրոցի տանիքի կառուցում-20,301.00
 Ուջանի դպրոցի տանիքի կառուցում-25,580.00
 Աղձքի դպրոցի տանիքի կառուցում-1,686.10
Հիմնադրամների, բարերարների, և այլ կազմակերպությունների միջոոցներով իրականացվել են.
Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի /ՀՍՆՀ/ միջոցներով իրականացվել են.
 Փարպիի մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգում-150,000.0
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվել են.
 Օշականի միջնակարգ դպրոցի գլխավոր մասնաշենքի վերանորոգում, կահավորում 158.669.6
 Սասունիկի մանկապարտեզի կահավորում, խոհանոցի և լվացքատան կահավորում 16.755.5
 Մելիք գյուղի միջնակարգ դպրոցի կահավորում-17,311.0
«World Vision International» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջոցներով իրականացվել են.
 Ջեռուցման համակարգի տեղադրում Թալինի թիվ 3 մանկապարտեզում և Ակունքի դպրոցում-5,589.0 դրամ
 Լուսագյուղի մանկապարտեզի կառուցում-3,500.0 դրամ
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվել է Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի բակային տարածքների բարեկարգում/3,743.1 դրամ
Հարգելի գործընկերներ,
Երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար շատ կարևոր է նախադպրոցական հաստատությունների դերը: Մարզում գործող 36 համայնքային ենթակայության ն/դ հաստատություններում ընդգրկված են 2486 երեխա, իսկ հանրակրթական դպրոցների կազմում գործող նախակրթարաններում ՝ 216 երեխա: Մարզի ն/դ 20 հաստատություն աշխատում է ամբողջ տարին: Ուսումնադաստիարակչական աշխատանքներին զուգահեռ կարևորվում է նաև երեխաներին որակյալ և էկոլոգիապես մաքուր սննդով ապահովելու և սանիտարահիգիենիկ պայմանների խստորեն պահպանման հարցերը: Մի շարք մանկապարտեզներում կրթության պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունների համար կազմվել է ժամանակացույց և տրվել են խիստ հանձնարարականներ՝ թերությունների վերացման ուղղությամբ: Համայնքային ենթակայության մանկապարտեզներն ունեն փափուկ գույքի, կահույքի և խաղալիքների թարմացման կարիք: Արագածոտնի մարզի 35 հանրակրթական դպրոցներում գործում են նախակրթարաններ՝ 516 երեխայով, որտեղ իրականացվում է ն/դ կրթություն՝ կրթական պետական չափորոշիչներին համապատասխան: Շարունակական աշխատանքներ է տարվում նախակրթարաններ բացելու այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզների շենքեր: ՀՀ Արագածոտնի մարզպետի ուշադրության կենտրոնում են գտնվում մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների ն/դ տարիքի երեխաները, դրա վառ օրինակն է Զարինջայի, Ծաղկահովիտի, Հացաշենի, Աղձքի, Արագածավանի, Ապարանի, Օշականի, Շամիրամի դպրոցներում համայնքնային ենթակայության նախակրթարաններում և մանկապարտեզներում ազգային փոքրամասնության 18 և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 4 երեխաների ընդգրկվածությունը:
Յուրաքանչյուր ուստարվա դեկտեմբեր ամսին սկսվում է հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: 2016թ մարզային փուլին մասնակցել է 452 աշակերտ, որից 102 աշակերտ հաջողությամբ հանդես են եկել հանրապետական փուլում: 2-ը (Աշտարակի ավագ դպրոց, մաթեմատիկա)արժանացել են երկրորդ, 2 աշակերտ(Նորաշենի միջնակարգ դպրոց, գերմաներեն, Ներքին Բազմաբերդ, հայոց լեզու, գրականություն)՝երրորդ կարգի դիպլոմների, 5 աշակերտ գովոսանագիր(Աշտարակի թիվ 1 դպրոց, Մաստարայի միջնակարգ դպրոց, Ապարանի ավագ դպրոց):
Մարզի դպրոցներն ապահովված են անվճար ինտերնետային կապով, գործում են համակարգչային դասարաններ: Ներկայումս դպրոցներում կա 800-ից ավել համակարգիչ: Կրթական ծրագրերի կարևորագույն բարեփոխումներից է նաև դպրոցների ներգրավումը «dasaran.am» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել, թափանցիկ դարձնել դպրոց- ծնող անմիջական կապը: Մարզի Մուղնու, Չքնաղի, Ցամաքասարի, Շամիրամի, Սորիկի հիմնական դպրոցները ունեցել են բարձր վարկանիշ «Նոր սերնդի դպրոց 2015-16» մրցույթի վարկանիշային աղյուսակում: Վարդենիսի, Կարմրաշենի, Արագածի թիվ 1 և թիվ 2, Ոսկեթասի, Գառնահովտի միջնակարգ և Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցներում կայքում մուտքագրման աշխատանքները կատարվում են թերի և ծրագրի մեկնարկի օրվանից չեն հաղթահարում պահանջվող շեմը: Ի դեպ, նշեմ, որ «Նոր սերնդի դպրոց 2015-16» ծրագրի շրջանակներում Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցը պարգևատրվել է համակարգչով: 2015-16 ուստարում Աշտարակի թիվ 1, թիվ 2, թիվ 3, Թալինի թիվ 1 և Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցներում փորձնական ծրագրով ուսուցանվում է «Ազգային երգ ու պար» առարկան: Պարապող ուսուցիչները անցել են համապատասխան վերապատրաստում: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզում ժամանակին ստացվել և բաշխվել են դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները: Տեղեկացնեմ, որ դպրոցները դասագրքերի վարձավճարների պարտքեր չունեն: Մարզի համայնքներում գործող ազգային փոքրամասնությունների 20 դպրոցներն ապահովված են ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրենց մայրենի լեզվով երաշխավորված համապատասխան դասագրքերով: 2016-17 ուստարվան ընդառաջ հավաքագրվել են պահանջվող դասագրքերի հայտերը և ուղարկվել ԿԳՆ: Դասագրքերը բաշխվել են և բոլոր դպրոցներն ապահովված են անհրաժեշտ գրականությամբ:
2015-16 ուստարում մարզի 42 դպրոցի 1-4 դասարանների աշակերտները և նախակրթարանների սաները օգտվել են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող դպրոցական տաք սնունդ ծրագրից: Ընթանում են ծրագրին նոր դպրոցներ ներգրավելու աշխատանքներ:
ՀՀ Արագածոտնի մարզում գործում են համայնքային ենթակայության 9 երաժշտական, 1 պարարվեստի, 2 գեղարվեստի դպրոց և 69 մշակույթի տուն: Վերապատրաստման և որոկավորման դասընթացներ են անցկացվել մարզում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, գրադարանների, ակումբների աշխատողների համար: ՀՀ մշակույթի նախարարության մշակութային աջակցության կենտրոնի հետ համատեղ անցկացվել են փոխադարձ դասալսումներ և համերգներ, մանկավարժներին տրվել են մեթոդական օգնություններ:
2015-16թթ հագեցված էին բազմաբնույթ և բազմաբովանդակ մշակութային և մարզական միջոցառումներով՝ նվիրված ՀՀ Անկախության 24-ամյակին, «Ոսկե աշուն» բերքի տոնին, Մայրնիի օրվան, Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին, Մայրության և գեղեցկության տոնին, Ուսուցչի օրվան, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին: Մայիսի 28-ին Հանրապետության տոնին նվիրված տոնական մեծ միջոցառում է անցկացվել Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր-զբոսայգում: «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում մարզի գրեթե բոլոր դպրոցներում, գրադարաններում, երաժշտական և արվեստի դպրոցներում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված Գրիգոր Խանջյանին, Սրբուհի Տյուսաբին, Վահե Հայկիին, Ավետիս Ահարոնյանին և Գրիգոր Զոհրապին: Անցկացվել է «Սասնա Ծռեր» էպոսին նվիրված «Էպոսային օրեր»ամենամյա փառատոնը, «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային հինգերորդ պլեները: Թաթուլ համայնքում մեծ շուքով նշվեց զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի 50-ամյակը: Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Ավան համայնքում կանգնեցվեց հուշակոթող: ՀՀ Անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում օգոստոսի 6-ին Ապարանի մշակույթի տանը կազմակերպվեց և անցկացվեց Արգենտինայից ժամանած «Նաիրի» պարային համույթի համերգը:
Մարզում բավականին ակտիվ է նաև մարզական կյանքը: Դպրոցականներն ակտիվորեն մասնակցում են ոչ միայն մարզային, այլև հանրապետական մասշատբի մարզական միջոցառումներին: նախատեսված ժամանակացույցով կազմակերպվել և անց են կացվել ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը: ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված 25-րդ ռազմամարզական խաղերը, որտեղ Հնաբերդի դպրոցի վոլեյբոլի թիմը միջմարզային մրցումներում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Իսկ Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի աղջիկների թիմը ( ծնված 1990-2001թթ ) ս/թ ապրիլի 14-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարության <<Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեական>> մարզադպրոցների վոլեյբոլի հանրապետական առաջնությանը և գրավել պատվավոր երրորդ տեղը: Մարզպետ Գ. Գյոզալյանը թիմին նվիրեց նոր մարզահագուստ:
Մայիս ամսին անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հիմնարկ»մարզական միջոցառում, որին ակտիվորեն և մեծ ոգևորությամբ մասնակցում էին մարզի մի շարք մանկապարտեզներ: Ընթացող համառ պայքարում հաղթող ճանաչվեց Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզը, որն էլ հանրապետական փուլում զբաղեցրեց 7-րդ հորզոնականը:
Հունիս ամսին Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում անցկացվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք»մրցույթիտարածքային և մարզային փուլերը և 1-3-րդ տեղերը գրաված 12 ընտանիք անցան հանրապետական փուլ, որն անցկացվեց Ծաղկաձորում:
Արագածոտնի մարզի հանրահրթական դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դպրոցականների ռազմահայրենասիրական և հատկապես ապագա զինվոր դաստիարակելու գործին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարզի 4 երիտասարդ զինվոր զոհվեց հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Նրանց հարազատ կրթօջախներում ռազմագիտության կաբինետներն անվանակոչվեցին հերոսների անուններով՝ ի հիշատակ նրանց գործած սխրանքի: Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում՝ Միշա Աղաջանյանի, Արտաշավանում՝ Քյարամ Սլոյանի, Կարմրաշենի միջնակարգ դպրոցում՝ Ռաֆիկ Հակոբյանի, Կաքավաձորի միջնակարգ դպրոցում՝ Սասուն Մկրտչյանի:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանն ակտիվ համագործակցում է մարզում գործող շախմատի մարզային ֆեդերացիայի հետ: 2015-16 ուստարում շախմատի բնագավառում ևս ունեցել ենք բավականին լուրջ հաջողություններ: Մարզի 4 շախմատիստ նվաճեցին Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Նրանցից Ժորա Իսպրյանը և Արսեն Դավթյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր: Պատանի շախմատիստներ Արսեն Դավթյանը, Անետա Ասկարյանը և «Ջերմուկ 2016» մրցաշարում առաջին տեղը գրաված Ասյա Եդիգարյանը նվաճել են աշնանը Բաթումիում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր: Մեր պատանի շախմատիստները մշտապես ՀՀ Արագածոտնի մարզպետի ուշադրության և հոգածության կենտրոնում են և ստանում են նրա աջակցությունը մրցաշարերին մասնակցելու հարցում:
Ժամանակին կազմակերպվել և անց է կացվել ՀՀ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների տարածքային փուլերը, ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» սպորտային միջոցառումը, որտեղ ՀՀ Արագածոտնի մարզի բասկետբոլի թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ անհատական մրցումներով լող և դարթս մարզաձևերից 3-րդ հորիզոնականները:

Ազգային արժեք համարվող մշակությաին նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացման ուղղությամբ մարզի հանրակրթական դպրոցներում, մշակույթի տներում գործում են արտադասարանական և արտադպրոցական խմբակներ՝ խեեգործության, փայտի փորագրության, գոբելենի, տակառագործության, ոսկերչության, արծաթյա զարդերի պատրաստման, գորգագործության, ժանյակագործության, քարերի մշակման:
ՀՀ Արագածոտնի մաարզը հարուստ է նար պատմամշակությաին հուշարձաններով, որոնց պահպանման մշակույթին մարզի երեխաներն առնչվում են դեռ մանկուց՝ դպրոցների կողմից պարբերաբար հուշարձանների տարածքում շաբաթօրյակներ կազմակերպելով:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունն իր աշխատանքները կազմակերպում և իրականացնում է մարզպետարանի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների, համայնքների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
Նոր ուստարվան ընդառաջ, անհրաժեշտ է նշել մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են պատկան մարմինների ուշադրությունը:
 Ուսումնական պլանում բնագիտական առարկաներին հատկացված է շատ քիչ ժամաքանակ:
 Ուսուցչի թափուր տեղը համալրելու ընթացակարգը վերանայելու, լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների դպրոցները անհրաժեշտ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը:
 Լաբորատորիաները նորագույն սարքավորումներով, նյութերով վերազինելու, համակարգչային կաբինետները համալրելու անհրաժեշտությունը:
Հարգելի գործընկերներ,
Հաշվետու ժամանակահատվածում ձեռք բերված և հաջողությունները, և անհաջողությունները մերն են, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է հետևություն անի թերացումներից բխող խնդիրների, անհաջողությունների պատճառների և ըստ այդմ գտնի խնդիրների լուծման հետագա արդյունավետ միջոցները, որը կնպաստի ՀՀ-ում կրթված, դաստիարակված, բանիմաց, ազգային մտածողությամբ հայրենասեր սերնդի լուսավոր ապագան կերտելուն:
Թույլ տվեք կրկին շնորհավորել բոլորիս նոր 2016-17 ուստարվա առթիվ:
Բարի երթ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24