Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ

14.06.2016

Հունիսի 14-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային օրն անցավ Արագածոտնի մարզում:
Այցն սկսվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ հանդիպմամբ: Քննարկվեցին մարզական ոլորտի զարգացման, հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման եւ կահավորման, մարզադպրոցների գործունեության հետ կապված հարցեր:
Առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով նախարարը եւ մարզպետը այցելեցին մի շարք համայնքներ: Առաջին կանգառը Ափնա համայնքի դպրոցում էր, որի մարզադահլիճը, թեպետ, տեղի ուժերով մասնակի վերանորոգվել է, այդուհանդերձ, հիմնանորոգման եւ գույքով ապահովելու կարիք ունի:
Այցելություններ կատարվեցին նաեւ Շենավանի, Վարդենուտի եւ Արտաշավանի դպրոցներ: Շենավանի դպրոցի մարզադահլիճը, թեպետ, վերանորոգման եւ գույքի խիստ կարիք ունի, այդուհանդերձ, այն հայտնի է իր ֆիզիկական պատրաստության լավ ավանդույթներով: Դպրոցը ֆուտբոլի լավ թիմ ունի, որը մասնակցում է բազմաթիվ մրցումների եւ հաղթանակներ է ունենում: Վարդենուտում ինչպես դպրոցը, այնպես էլ մարզադահլիճը նորերս են վերանորոգվել: Այստեղ, սակայն, մարզագույքի անհրաժեշտություն կա: Արտաշավանում եւս մարզադահլիճը հիմնանորոգման ենթակա է:
Աշտարակ քաղաքում նախարարն ու մարզպետն այցելեցին Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, որն իր հնարավորություններով, թերեւս, լավագույններից մեկն է հանրապետությունում: Եղան նաեւ ներկայումս կառուցվող մարզադպրոցում, ծանոթացան ընթացող շինարարական աշխատանքներին: Նորակառույցը ունենալու է ժամանակակից լավագույն հնարավորությունները եւ ծառայելու է ոչ միայն Աշտարակ քաղաքի, այլեւ տարածաշրջանի համայնքների մարզասերներին:
Աշխատանքային այցի ավարտին նախարարը, մարզպետը եւ նրանց միացած` ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը խորհրդակցություն անցկացրին հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ, հնչեցին համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցրեր եւ ստացան սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58