Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սրագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մամլո ասուլիսը` պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ

09.06.2016

Լրացավ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի պաշտոնավարման 100-րդ օրը, որի կապակցությամբ հրավիրվեց մամուլի ասուլիս: Զանգվածային լրատվամիջոցներից բացի, ասուլիսին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարզպետը ընդհանրացրեց իր պաշտոնավարման առաջին 3 ամսում իրականացված աշխատանքները, նշելով, որ ինչպես մարզը, այնպես էլ մարզի ղեկավարի աշխատանքը իրեն քաջածանոթ են, եւ այդ առումով գործառույթները ստանձնելու անցման շրջանը դյուրին է եղել:
Գաբրիել Գյոզալյանը ըստ ոլորտների ներկայացրեց մարզում իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Նշեց, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, եւ խնդիրներն էլ առնչվում են առավելապես այս ոլորտին:
Ելնելով խնդիրների կարեւորությունից, երեք անգամ կայացել է ՀՀ գյուղնախարարի այցը մարզ: Այցելություններ են ունեցել համայնքներում, եղել են Կոշի Գոլդեն գրեյպ Արմաս, Սասունիկի Վան-Արբի եւ Արմենիա վայն, Ոսկեվազի Հայասի գրուպ` գինիների, Կարբիի Թամարա ֆրութ եւ Կարբի ֆրութ` պահածոների գործարաններում: Լինելով միջազգային չափանիշերին համապատասխան ձեռնարկություններ եւ ունենալով արտադրական լավագույն ներուժ, այդ ընկերությունները էական նշանակություն ունեն մարզի գյուղատնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործում:
Մարզի ընդհանուր հողերը կազմում են 275 հազար 632,1 հա, որից գյուղատնտեսական` 218 հազար 223.4 հա: Ցանքատարածությունները 2016 թվականին 2015թ. համեմատ ավելացել են 1500 հեկտարով, իսկ բազմամյա տնկարկները` մոտ 200 հեկտարով: Գյուղացիական տնտեսություններն օգտվում են կառավարության կողմից տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուների տրամադրման ծրագրերից: Ըստ այդմ` այս տարի տրամադրվել է 3300 տոննա պարարտանյութ, 450 հազար լիտր դիզվառելիք, 300 տոննա աշնանացան ցորենի, 260 տոննա գարնանացան գարու սերմացու:
Անդրադառնալով կրթության ոլորտին, մարզպետը նշեց, որ առաջին իսկ օրվանից ուսումնասիրություններ են իրականացվել հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում: Մի շարք բացթողումներ են արձանագրվել, որոնց շտկման համար հստակ ժամկետ է սահմանվել: Հետեւողական աշխատանքի արդյունքում բացթողումներն էապես ուղղվել են: Աուդիտի արդյունքում 2322 հազար դրամ գումար վերականգնվել է պետբյուջե:
Նկատելի առաջընթաց կա սոցիալական եւ առողջապահության ոլորտներում` ֆինանսական խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, սոցիալական ոլորտում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված շուրջ 78 մլն. դրամի խախտումները վերականգնվել են գրեթե 96%-ով, իսկ առողջապահության ոլորտում կուտակված պարտքերը կիսով չափ մարվել են: Նշված գործընթացները շարունակական եւ կարճ ժամանակում լիարժեք լուծում կստանան:
Անդրադարձ եղավ նաեւ հրատապ ծրագրի շրջանակում համայնքներում իրականացվող խնդիրներին: Մարզպետը նշեց, որ համայնքներ կատարած այցելությունների եւ բնակիչների հետ հանդիպումների ժամանակ առանձնացվում են տեղերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում են ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը, ճանապարհների, հանրային նշանակության կառույցների վերանորոգմանը, գազիֆիկացմանը, որոնք էլ, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են հրատապ ծրագրում եւ ներկայացվում կառավարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24