Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նշվեց Հանրապետության օրը

28.05.2016

Մայիսի 28-ը բազմամարդ էր Ապարանի ,,Վերածնունդ,, կոչվող հուշահամալիրը: Ավանդույթի համաձայն, այստեղ կայացավ Հանրապետության օրվան նվիրված մարզային գլխավոր տոնակատարությունը: Համալիրը կառուցված է մի վայրում, ուր տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:
Տոնակատարությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ մարզի ողջ ղեկավարությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր-մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից:
Տոնակատության սկզբին մասնակիցները ծաղկեպսակներ տեղադրեցին Ապարանի հրապարակում գտնվող` հրամանատարներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիներին: Այնուհետեւ բազմությունը երթով շարժվեց դեպի ,,Վերածնունդ,, հուշահամալիր, ուր եւ ծավալվեց գլխավոր արարողությունը:
Ներկաները հիշատակի տուրք մատուցեցին այստեղ հանգչող Արցախյան պատերազմում զոհված ապարանցի ազատամարտիկների եւ Դրոյի շիրիմներին եւ տեղադրեցին ծաղկեպսակներ: Հուշարձանի մոտ բեմահարթակը տրամադրվեց հանդիսավոր եւ գեղարվեստական մասի մասնակիցներին:
Հանդիսության մեկնարկին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից մատուցվեց հոգեհանդստի կարգ` ի հիշատակ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների:
Հնչեցին ելույթներ, որոնցում մեկ անգամ եւս կարեւորվեց 1918 թվականի մայիսին ծավալված պատմական դեպքերի, դրանցում Բաշ-Ապարանի ճակատամարտի արժեքն ու պատմական նշանակությունը:
Շնորհավորելով տոնի կապակցությամբ, մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ասաց,որ այն խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը ձեռք բերվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների շնորհիվ: Երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ պատմական իրադարձությամբ իրականություն դարձավ մեր պապերի դարավոր երազանքը` ունենալ ազատ եւ անկախ Հայաստան:
Հանրապետության ճանաչված արտիստների, երաժշտական համույթների կատարմամբ հնչեց ազգային հայրենասիրական երգ-երաժշտություն:
Տոնախմբության բաղկացուցիչ մասը բացօթյա հյուրասիրությունն էր, որտեղ ապարանցիները ցուցաբերեցին իրենց ավանդական ծեսերն ու սովորույթները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58