Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի դպրոցների տնօրենների խորհրդակցությանը մասնակցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարը

25.05.2016

Մայիսի 25-ին կայացավ Արագածոտնի հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանն անդրադարձավ նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերին եւ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նա նշեց, որ որոշակի շտկումներ են կատարվել տարիֆիկացիաների եւ բյուջեների կազմման, ինչպես նաեւ աշակերտների տեղաշարժերի, մանկավարժների դասաբաշխման գործընթացների մեջ: Քննարկվեցին դպրոցների աշխատակազմերում սպասարկման ոլորտի մի շարք հաստիքների նպատակահարմարության, կազմակերպվող աուդիտի արդյունքների, դպրոցական խորհուրդների գործունեության հետ կապված խնդիրներ: Մարզպետի կողմից առանձնահատուկ հանձնարարական տրվեց, որպեսզի դպրոցներում բացառվեն Վերջին զանգի եւ Վերջին դասի հետ պայմանավորված դրամահավաքները, եւ միջոցառումներն անցկացվեն առանց անհարկի ճոխությունների, խրախճանքի եւ շռայլությունների:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը համամիտ եղավ մարզետի կողմից բարձրացված հարցերին` նշելով դրանց կարեւորությունը: Նա միաժամանակ իր դիտարկումները կատարեց կրթության ոլորտի բարելավման, հետագա ծրագրերի վերաբերյալ: Նա նշեց, որ երկիրը մասնակից է միջազգային մի շարք հեղինակավոր ծրագրերի, որոնք շահեկան նպաստ են ունենալու կրթության ոլորտի զարգացման համար: Որոշակիկ փոփոխություններ են նախատեսվում տնօրենների լիցենզավորման, մանկավարժների ատեստավորման եւ վերապատրաստման, տարակարգերի շնորհման գործընթացներում:
Ներկաները հնչեցրին բնագիտական առարկաների դասավանդման կարեւորությանը, դասագրքերի որակական հատկանիշներին, դպրոցական պարտադիր բաղադրիչներին եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց նախարարի եւ մարզպետի կողմից տրվեցին պատասխաններ եւ պարզաբանումներ:
Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Նազարյանը տնօրենների հետ քննարկեց Վերջին դասի նախապատրաստման եւ անցկացման, ,,Լավագույն տնօրեն,, , ,,Լավագույն ուսուցիչ,, , ,,Լավագույն դաստիարակ,, մրցույթների անցկացման , ուսումնական ավարտի հետ կապված մի շարք հարցեր: Տրվեցին անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58