Նորություններ
Մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջան
05.05.2016
Մայիսի 5-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Առաջին կանգառը Ալագյազում էր, որտեղ նա ծանոթացավ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին, շինարարության հետ կապված մի շարք դիտարկումներ կատարեց: Ծրագիրն իրականացվում է ՀՍՆՀ-ի կողմից, որի աշխատանքներն սկսվել են մարտ ամսից:
Ծաղկահովիտի համայնքապետարանում կայացավ մարզի ղեկավարի հանդիպումը տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքների սանիտարական վիճակին, սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաեւ համայնքներում առաջնային համարվող հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Արծարծվեցին նաեւ համայնքային ճանապարհների, կրթական, մշակութային կառույցների վերանորոգման եւ մի շարք այլ խնդիրներ:
Համայնքապետարանում մարզպետը կատարեց նաեւ քաղաքացիների ընդունելություն: Տարբեր հարցերով մարզի ղեկավարին դիմեցին տարածաշրջանի համայնքներից եկած բնակիչները: 13 մարդ ստացավ դրամական աջակցություն:
Ծաղկահովիտի դպրոցում Գաբրիել Գյոզալյանը խորհրդակցություն հրավիրեց` տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խոսվեց դպրոցների շենքային պայմանների, սանիտարական վիճակի կարգավորման, կազմակերպչական մի շարք խնդիրների, ինչպես նաեւ կրթական մակարդակի բարձրացման մասին: Իրենց մտահոգող հարցադրումները ներկայացրին նաեւ դպրոցների տնօրենները:
Այցելության ընթացքում մարզպետը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի եւ հիվանդութոյւնների վերահսկման, կանխարգելման առողջապահական ՊՕԱկ-ի Արագածոտնի մասնաճյուղի ղեկավարների ուղեկցությամբ շրջեց Ծաղկահովիտում, այցելեց արհեստագործական ուսումնարան: Ծանոթանալով կոյուղաջրերի արտահոսքից առաջացած խնդրին, ուսումնարանի շենքային պայմաններին, ինչպես նաեւ շրջակայքի սանիտարական վիճակին, նա հանձնարարականներ տվեց կարճ ժամկետում բարեկարգել իրավիճակը:






