Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը

23.02.2016

 Հարգելի հայրենակիցներ, եկել է պահը, երբ անհրաժեշտություն ունեմ իմ խոսքը հղելու պետական, քաղաքական, հասարակական կառույցներին, Արագածոտնի մարզի հանրությանը, հասարակության բոլոր շերտերին:
Ավելի քան 20 տարի է, ինչ իմ աշխատանքային գործունեությունը անց եմ կացրել Արագածոտնի մարզում: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել, երբ հնարավորություն եմ ունեցել մասնակիցը լինելու մեր պապերի երազած ազատ եւ անկախ Հայաստանի կայացման պատասխանատու գործին:
Մարզերի ձեւավորման առաջին իսկ օրվանից եղել եմ պետականաշինության ակունքներում, աշխատել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ, այնուհետեւ եղել եմ մարզպետի տեղակալ, ղեկավարում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կառույցը:
Լինելով այս մարզի բնակիչը, արմատներով կապված լինելով հայրենի Դիան գյուղին, այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ այդ տարիները արգասավոր են եղել իմ մարզի համար: Կյանքի բոլոր ոլորտներում` ժողովրդական տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, շինարարության, հասարակական, քաղաքական բնագավառներում զգալի են այն աշխատանքները, ներդրումային հսյակածավալ ծրագրերը, որոնք իրականացվել են` ի նպաստ մարզի զարգացման եւ հեռանկարի:
Աներկբա է, որ այս բոլոր ձեռքբերումներին ես հասել եմ երկրի նախագահի եւ իշխանության բոլոր թեւերի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, մարզպետարանի աշխատակազմի, մարզի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ մարզային այլ կառույցների ղեկավարների համատեղ աշխատանքի շնորհիվ, զգալով նրանց աջակցությունը` բոլոր առումներով: Խոսքս ուղղում եմ ձեզ` հարգելիներս, եւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորին` համատեղ աշխատանքի համար, հուսալով, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական, քանզի, կրկնում եմ, ես այս մարզի բնակիչ եմ, այս հող ու ջրի ծնունդ, ում համար թանկ է իր բնօրրանի բարեկեցությունն ու առաջընթացը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51