Նորություններ
Վարչապետի այցը Արագածոտնի մարզ
01.01.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ եղավ Ծաղկահովիտ համայնքում, որտեղ շահագործման հանձնվեց ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք: 1988 թվականի երկարաշարժի հետևանքով ամբողջովին ավերված եւ ՀՀ նախագահի հանձնարարականով հիմնանորոգված շենքում բնակարանամուտ տոնեց 40 ընտանիք:
Հանրապետության եւ մարզի ղեկավարությունը շնորհավորեցին շենքի սեփականատերերին բնակարանամուտի, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթեցին ընտանեկան ջերմություն, երջանկություն եւ առողջություն: Բնակիչները շնորհակալություն հայտնեցին երկրի իշխանություններին՝ ծրագիրն ավարտին հասցնելու և իրենց բնակարանային խնդրին լուծում տալու համար, ինչի արդյունքում Ամանորը կկարողանան տոնել արդեն սեփական բնակարաններում:
Այնուհետև այցելություն կատարվեց Քուչակ համայնք: Հանդիպման ընթացքում տեղի բնակիչները ղեկավարությանն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը եւ ստացան սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, քննարկվեցին համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված խնդիրները:






