Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
29.12.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մարդկությունը հրաժեշտ է տալիս 2015 թվականին: Տարի, որ լի էր ինչպես կյանքի ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումներով, այնպես էլ` աշխարհա-քաղաքական բազմաբնույթ իրադարձություններով: Պատմության մեջ դրանք կմնան որպես երկրների, պետությունների համար կարեւորագույն իրադարձություններ, կնշանավորվեն իբրեւ նոր երեւույթների ու ձեւավորումների դրսեւորումներ:
Անցնող տարին հագեցած ու նշանակալի էր մեր երկրի համար: Համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ հայ ժողովրդին միացան, իրենց զորակցությունը հայտնեցին եւ ողջամիտ ու մարդասիրական ձայնը բարձրացրին աշխարհի բոլոր առաջադեմ պետությունները:
Աներկբա է, որ երկրի նախագահի, իշխանությունների վարած արտաքին եւ ներքին արդյունավետ քաղաքականության շնորհիվ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, հոգեւոր ոլորտներում արդեն իսկ ունեցած ձեռքբերումները բազմապատկվելու են, եւ նոր առաջընթացներ են ուրվագծվելու Հայաստանի Հանրապետության համար, մոլորակի բոլոր ծայրերում ապրող հայության համար:
Կրկին շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող որ նոր` 2016 թվականը լինի խաղաղության, քաղաքակիրթ աշխարհի, պետությունների միջեւ փոխըմբռնման, բարեկեցության եւ առաջընթացի տարի:
Շնորհավո’ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: