Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին

04.11.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին: Նա ղեկավարում էր համաժողովին մասնակցող մարզի պատվիրակությունը: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան,, Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո:
Մինչ աշխատանքներն սկսելը, համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի եւ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսի վթարի պատճառով զոհվածների հիշատակին:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այնուհետև երկու երկրների միջեւ ստորագրվեցին տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է 2011 թվականից ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ՝ հնարավորություն տալով որակական նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունների միջտարածաշրջանային ձևաչափը: Ֆորումի նպատակն է՝ քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, նպաստել ՀՀ մարզերի եւ ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ներուժի բացահայտմանը, նոր կապերի հաստատմանը: Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավորներ:
Համաժողովի շրջանակում Արագածոտնի մարզի հյուրերը Լենինգրադի մարզի պատվիրակության անդամներն էին: Մարզպետ Սարգիս Սահակյանը նրանց ընդունեց մարզպետարանում, քննարկվեցին երկուստեղ հետաքրքրող հարցեր, նրանց համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր, հյուրընկալություն մարզի համայնքներում: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի եւ ՌԴ Լենինգրադի մարզերի միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել 2011 թվականին եւ կողմերի միջեւ փոխգործացության լայն ծրագիր է իրականացվում:
Համաժողովին մասնակցում էին պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16