Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն
30.10.2015
Հոկտեմբերի 30-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Դեսպանի հետ ժամանել էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի հանձնակատար Նադյա Լիխտենբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը եւ ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը:
Կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան համագործակցության եւ ԵՄ աջակցությանը վերաբերող ընդհանուր թեմաներ: Սարգիս Սահակյանը նշեց, որ մարզը Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության փորձ ունի, եւ հայտնեց իր պատրաստակամությունը առաջիկայում այն ընդլայնելու համար: Իբրեւ գործունեության շրջանակ, մարզպետն առանձնացրեց մարզում գիտական մի շարք կազմակերպությունների առկայությունը, որոնց հնարավորությունները կարելի է օգտագործել ոլորտի զարգացման համար:
Քննարկվեցին նաեւ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության խթանման, գյուղատնտեսության, կրթության, մշակութային ոլորտներում ծրագրերի իրագործման հետ կապված խնդիրներ: Իրենց առաջարկություններն ու տեսակետներն արտահայտեցին հանդիպման բոլոր մասնակիցները: Դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ նա ունի այն դիրքորոշումը, որ գործունեության ոլորտում մեծ տեղ է հատկացվելու մարզերին, նրանց համակողմանի եւ արդյունավետ զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում շարունակել հանդիպումները եւ գործնական ընթացք տալ քննարկված հարցերին: