Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը մասնակցեց Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը

26.10.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 24-ին Կաթնաղբյուր գյուղում մասնակցեց ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավորներ, պետական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ, գրողի այրին եւ զավակները:
Մինչ հանդիսության սկսվելը, ներկաները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին: Այնուհետեւ մասնակիցները շրջեցին թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, տպավորություններով կիսվեցին այցելուների հետ:
Թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվեց մարզպետ Սարգիս Սահակյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ արձակագրի դստերը՝ Սիրանույշ Գալշոյանին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնանքի խոսքից հետո ողջույնի խոսք ասաց Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց բոլորին թանգարան-հուշահամալիրի բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր մասնակից են եղել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի իղձն ու մտահղացումը իրականություն դարձնելու ծրագրին:
-Գալշոյանի, որ մեր համերկրացին է, սիրված է իր պատմվածքներով, նրա հերոսներով, ովքեր իրական կերպարներ են, եւ նրանց նախատիպերը մեր միջավայրից են: Նրանք, մեր հայրերն ու պապերը ցեղասպանություն են վերապրել, գաղթի շանապարհով են անցել եւ երազել են ունենալ այն անկախ պետությունը, ազգային բանակը, որն այսօր մենք ունենք,-ասաց մարզպետը եւ մտաբերեց Գալշոյանի ,,Ձորի Միրո,, վիպակի հերոսին` Միրոյին, ով կորցնելով իր ընտանիքը եւ վերստին նոր ճյուղավորումներ տալով, անվարան եւ անարցունք ռազմաճակատ է ուղարկում իր վերջին շառավին` Հարութին:
Մուշեղ Գալշոյանին իբրեւ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ եւ մտավորական, իբրեւ հայրենասեր եւ հայ մարդ արժեւորեցին բոլոր ելույթ ունեցողները:
Թանգարան-հուշահամալիրի բացման հանդիսությունը շարունակվեց ազգային- ազգագրական երգ ու պարով հագեցած համերգային ծրագրով, որն իսկական ժողովրդական տոնախմբության վերածվեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11