Նորություններ
Խորհրդակցությունում քննարկվեցին ջրամատակարարման հարցեր
02.10.2015

Հոկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ:
Մարզպետը նշեց, որ հանդիպման նպատակը համայնքներում առկա մի շարք խնդիրներն են, որոնք բնակիչների կողմից բարձրացվել են վերջին 3-4 ամսվա ընթացքում իր` համայնքներ կատարած այցելությունների ժամանակ: Ներկա համայնքների ղեկավարները մեկ առ մեկ ներկայացրին իրենց համայնքների խնդիրները: Սարգիս Սահակյանը եւ Արամ Հարությունյանը պայմանավորվեցին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ, քննարկումներ կատարել եւ գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Միաժամանակ նշվեց, որ տարին, թեպետ, որոշակի լարվածություն ուներ ոռոգման հարցում` կապված օդի աննախադեպ շոգ ջերմաստիճանի հետ, այդուհանդերձ, հետեւողական ու ճիշտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ոռոգման շրջանը հաջող կազմակերպել: Համայնքապետերին առաջարկվեց ժամանակին եւ ամբողջությամբ հավաքագրել օգտագործված ջրի դիմաց վճարումները: