Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը` հեռավոր Ձորագյուղի հյուր

18.09.2015

Սլացիկ եւ բարեկարգ` ձգվում է Աշտարակից դեպի Թալին եւ հեռուները տանող ճանապարհը: Դեպի աջ ճյուղավորվում է, անցնում Մաստարայի միջով`մինչեւ Զովասար, Գառնահովիտ… Այդ ընթացքի մեջ, ձախ կողմում նկատելի է մի կանաչապատ բնակավայր, որն իր սաղարթախիտ ծառերով ակամայից հետաքրքրում, հմայում է անցորդին: Կանաչների մեջ երեւում են քարաշեն տներ, իրար մոտ ու հեռու:
Ձորագյուղ. այսպիսի պատկերավոր եւ իր նկարագրին հատուկ անուն ունի բնակավայրն այդ: Երբեմնի շեն ու կենսախինդ գյուղը մինչեւ 1960-ականներն ավելի քան 23 տնտեսություն ուներ: Հիմա նրանցից 3-ն է մնացել: Եվ այդ ամենը արդյունք է խորհրդային պետության քաղաքականության, երբ սարերի ստորոտին տեղակայված գյուղի բնակչությանը տեղափոխեցին այլ բնակավայրեր: Իրենց բնօրրանը ոչ բոլորը լքեցին, սակայն, ու հավատարիմ իրենց պապենական օջախներին, այսօր էլ նրանցից 3-ը շեն են պահում իրենց օջախները:
Ձորագյուղի համար այդ օրը առանձնահատուկ էր: Գյուղը հյուր ուներ, ինքը` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Լայնահուն ճանապարհից դեպի գյուղ մարզպետը ոտքով անցավ, թակեց առաջին իսկ պատահած բնակարանի դուռը: Այն բաց էր: Իբրեւ օրենք, այստեղ տների դռները չեն կողպվում: Ինչո ՞ւ փակել, ո ՞ւմ դեպ: Չէ՞ որ բնակավայրի մարդիկ բոլորն էլ իրար լավ գիտեն, մի տան պես են, մի ընտանիք:
Տանտերերը` ամուսիններ Ավետիք եւ Հնազանդ Ռաշոյանները, նստած էին կողք-կողքի եւ սեւեռուն իրենց հյուրին էին նայում: Մարզպետին նրանք անմիջապես ճանաչեցին, չէ՞ որ նա իրենց հող ու ջրի մարդ էր: Բայց որ նա` հազար ու մի հոգս ու խնդիրների մեջ, ժամանակ էր գտել ու այցելել իրենց, պարզապես անհավատալի էր: Առաջին շփոթմունքը հաղթահարեցին եւ հյուրընկալեցին պատվավոր հյուրին:
Խոսակցությունը անմիջական ու պարզ էր. ինչպե՞ս են, ի՞նչ կյանքով են ապրում, ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունեն: Որքան էլ մարզպետը զրույցը այս ուղղությամբ էր տանում, ծեր ամուսինները, ընդհանուրի գործերից էին խոսում: Երկար ու հետաքրքիր զրույցից մի բան պարզ էր. մեծ ու մարդաշատ անցուդարձից հեռու այս մարդիկ գոհ ու ապահով են ապրում, հավանում եւ վստահում են նախագահի գործունեությանը, լավատես են ու բավարարված: Այդ ամենին նրանք տեղյակ են ու քաջագիտակ` շնորհիվ հեռուստացույցի, որը նրանց անբաժան ընկերն է:
Արդեն 80-նն անց ամուսինները 5 զավակ ունեն` 4 աղջիկ եւ 1 տղա: Բոլորն էլ իրենց ընտանիքներն ունեն, իրենց զավակներն ու արդեն` թոռները: Ճիշտ է, թեպետ իրենցից հեռու են ապրում, բայց անվերապահորեն կատարում են որդիական պարտքը, ծնողներին մենակ չեն թողնում եւ շուտ-շոտ այցելում են:
Ահա այսպիսի անմիջական զրույց` մարզպետի հետ: Իսկ մարզի ղեկավարի այցը մյուս ձորագյուղցիներին էլ էր հետաքրքրել: Շատ չանցած` մյուս 2 ընտանիքի անդամներն էլ հավաքվեցին Ռաշոյանների տուն եւ հարկ համարեցին մեկ առ մեկ ներկայանալ. Ռաֆիկ եւ Սիրոշ Հեբոյանները, Լիդա Ներսիսյանը, նրա որդի Հովհաննեսը, հարսը եւ 3 թոռները:
Հայ գյուղացուն հատոււկ անմիջականությամբ նրանք խոսք բեցեցին իրենց առօրյայից, հեռու ու մոտ ծանոթ-անծանոթներից, հասարակությանը հուզող հազար ու մի խնդիրներից: Իսկ իրենց կյանքից գոհ էին ու բավարարված: Խաղաղիկ ու անդորր այս գյուղում իրենց տնտեսությունն են վարում, հող մշակում, կենդանիներ պահում, իրենց իսկ արտադրած անարատ մթերքներով բավարարում թե’ իրենց. եւ թե’ հյուրասիրություններ կատարում: Խոսեցին նաեւ հայրենասիրության մասին: Հետաքրքիր եւ դիպուկ դիրքորոշում` հայրենասիրությունը պապենական օջախները վառ պահելն է, շենացնելն ու սերունդներին փոխանցելը: Այնպես, ինչպես որ իրենք են ապրում:
Ձորագյուղցիներին մարզպետը հրաժեշտ տվեց վերստին հանդիպելու պայմանավորվածությամբ:
-Կգամ, ու միասին ճաշի կնստենք,-ասաց նա եւ խոստացավ աջակից լինել նրանց ցանկացած հարցում եւ ցանկացած ժամանակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51