Նորություններ
Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվեցին աղիքային ինֆեկցիայի բռնկման հետ կապված հարցեր
15.09.2015

Սեպտեմբերի 15-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին վերջին օրերին Զարինջայում եւ հարակից համայնքներում աղիքային ինֆեկցիայի բռնկման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Կարեն Իսախանյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի աշխատակիցները:
Դեպքի առիթով մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրին ինֆեկցիայի բռնկման նկարագիրը, նշելով, որ այն առավել ցայտումն է եղել սեպտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում: Նախապես այն արձանագրվել է Զարինջա համայնքում, որից հետո` հարեւան համայնքներում: Բոլոր հիվանդները բուժօգնություն են ստացել Թալինի բժշկական կենտրոնում: Ներկայումս այնտեղ ստացիոնար բուժում է ստանում 4 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, եւ առաջիկայում նրանք եւս դուրս կգրվեն: Բժշկական կենտրոնը ապահովված է դեղորայքային բոլոր միջոցներով եւ ի զորու է իրականացնել բուժման ողջ գործընթացը:
Ըստ մասնագետների, դեռեւս հնարավոր չէ վերջնականապես նշել ինֆեկցիայի պատճառն ու աղբյուրը, քանի որ հետազոտման ուղարված փորձանմուշների պատասխանները դեռ չեն ստացվել: Այդուհանդերձ, մարզպետ Սարգիս Սահակյանը հանձնարարեց առանձնակի հետեւողականություն սահմանել ջրամատակարարման ողջ գործընթացին, մասնավորապես կապտաժների ճիշտ գործարկմանը: Նրա հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, Թալինի բժշկական կենտրոնի մասնագետները համայնքներում պետք է ուսումնասիրություններ կատարեն եւ լիարժեք տեղեկատվություն ներկայացնեն, որոնց հիման վրա Հայջրմուղկոյուղու հետ համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն:
Սարգիս Սահակյանը խնդիրը քննարկեց նաեւ Հայջրմուղկոյուղու մասնագետների հետ: Նա կարեւորեց բնակչությանը մատակարարվող ջրի որակի ապահովումը եւ ասաց, որ գործնական բոլոր միջոցները պետք է կիրառել, որպեսզի բնակիչներին տրվի մաքուր եւ որակյալ ջուր: