Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Արագածոտնի մարզ

06.08.2015

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 4-ին Արագածոտնի մարզում էր գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է  Բազմաղբյուր և Կարբի համայնքներում գտնվող «Վարգա ֆուդ» և «Կարբի ֆրուտ»  նորաբաց ընկերություններ, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի պահածոյացմամբ և չրերի արտադրությամբ:   «Վարգա ֆուդի» տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունը վերջերս է  հիմնադրվել է, այժմ ունի 40 աշխատատեղ և առկա են նախադրյալներ գործունեությունն ընդլայնելու համար:   Նախատեսվում է պատրաստի արտադրանքը արտահանել ռուսական շուկա: Այս պահին արդեն իսկ մթերել են  կեռաս և ազնվամորի, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում նախատեսում են մթերել ավելի քան 150.0 տոննա պտուղբանջարեղեն:    «Կարբի ֆրուտ»  տնօրենի խոսքով` ընկերությունն անցյալ տարի է ստեղծվել, ընկերության արտադրանքը նախատեսում են մասամբ իրացնել տեղական, և մասամբ էլ` ռուսաստանյան շուկայում:    Ողջունելով նոր վերամշակող ընկերություններ ստեղծելու նախաձեռնությունները` նախարարը վստահություն հայտնեց, որ ընկերությունների հիմնումը թույլ կտա լուծել գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը:     Այցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Կարբի համայնքի խնձորի այգիներում, որտեղ այգետերերը հավաստիացրեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում կարևորեցին ոռոգման ջրի, ինչպես նաև բուժանյութերի որակի ապահովման հարցերը: Նախարարը  հանձնարարեց մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենին  նախարարության միջոցներով ապահովել բուժանյութերի լաբորատոր փորձաքննությունը:     Այնուհետև նախարարն ուղևորվեց դեպի Հնաբերդ համայնք` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և   մրցունակության» (CARMAC) ծրագրի  իրականացման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարին տեղեկացրեցին, որ Հնաբերդ համայնքում հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:   Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարն  առանձնահատուկ կարևորել է կոոպերատիվների բոլոր անդամների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում` աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:    «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն ու զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականն է, և պետությունը պատրաստ է իր կողմից աջակցություն ցուցաբերել գյուղացիներին միավորման և կոոպերատիվների ստեղծման խնդրում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:   Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ և տեղադրել 2 խմոց, շուրջ՝ 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ծրագրի շրջանակում համայնքին արդեն իսկ հատկացվել է 12 անուն գյուղտեխնիկա, այդ թվում` 2 տարկտոր, ինչը կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները:    Համայնքապետի տեղեկացմամբ` պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ Հնաբերդում զգալիորեն ավելացել են հացահատիկի և ընդհանուր ցանքատարածությունները:   Նշելով, որ  Հնաբերդ համայնքն  անասնապահական ուղղվածություն ունի` նախարարը հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես  մթերատվության բարձրացման վրա` այս համատեքստում կարևորելով  արհեստական սերմնավորման կիրառումը:   Ընդհանուր առմամբ, CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում, նախատեսվում է երկրորդ ծրագրում ևս 12 համայնք ընդգրկել:  Ծրագրի շրջանակում մարզի 11 համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 132 միավոր գյուղատնետեսական տեխնիկա, այդ թվում 26 միավոր տրակտոր:   «Մարզում  այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավել հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,-  ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:    Նախարարը նաև հավելել է, որ այժմ հիմնական խնդիրը մթերումների գործընթացի սահուն կազմակերպումն է:  Արդեն սկսվել է լոլիկի մթերումը, և պետությունը պատրաստակամ է օժանդակել վերամշակող ընկերություններին մթերման աշխատանքների կազմակերպման հարցում:     Այցի ավարտին նախարարը եղել է նաև համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 -40 ց/ հա բերք ստանալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51