Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը

10.07.2015

Հուլիսի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության երրորդ` վերջին փուլը:
Ուսումնավարժության սցենարի համաձայն` ՀՀ մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան բազմաթիվ «զոհեր, տուժածներ և անօթևաններ: Ստեղծվել էր «թեժ գիծ» և հատուկ կայք-էջ, «աղետի գոտուն» կից ծավալվել էր շարժական լրատվական կենտրոն, որը «դեպքի վայրում» ապահովում էր լրատվամիջոցների աշխատանքը և այնտեղից պարբերաբար տեղեկատվություն տրամադրում:
Միջոցառման գործնական հատվածում ծավալված քննարկումների ժամանակ անցկացվեցին ստեղծված իրավիճակը լուսաբանող խաղարկային մամլո ասուլիսներ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կազմակերպվեցին նաև ԶԼՄ-ների այց աղետի գոտի, ինչպես նաև տեղեկատվության սփռում կայքի հատուկ էջում և տարբեր լրատվամիջոցներով:
Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ կարևորելով այն փաստը, որ դեսպանատունը հանրային իրազեկման ոլորտում մշտապես աջակցել է ոլորտի հայ մասնագետներին:
- Շատ կաևոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Վստահեցնում եմ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Աշխարհում ամեն ինչ փորձված ու հայտնաբերված է, մեզ մնում միայն ներմուծել այդ փորձը: Վարժանքների ընթացքում մենք հասկացանք, թե ինչ բացթողումներ ունենք, հասկացանք, թե ինչպես անել, որ յուրաքանչյուր ոլորտի մասնագետ և ներակայացուցիչ իմանա իր պարտականությունները՝ պատուհասած աղետի դեպքում: Կարծում եմ՝ ձեզանից յուրաքանչյուրն այստեղից տուն կգնա` իր հետ տանելով գիտելիքների մի փունջ, - նշեց Ն. Գրիգորյանը:
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դևաի Ուոնգը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց, որ ուսումնավարժությունը եզակի էր այն առումով, որ առաջին անգամ էին խաղարկվում ԱԻ ժամանակ հանրային իրազեկման և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության սցենարներ և դրվագներ:
- Այս ուսումնավարժությունը կարող է ամուր հիմք հանդիսանալ հաջորդ վարժանքներն անցկացնելու համար: Աշխատանքի ընթացքում մենք բոլորս պարզեցինք մեր թերություններն ու բացթողումները, իսկ ամերիկյան կողմն իր հերթին հնարավորություն ունեցավ որոշ բաներ ուսանելու հայ մասնագետներից: Շատ տպավորիչ էր վարժանքների ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների արագ հաղթահարումը, ինչը հայ ժողովրդի տոկուն կամքի և գեներալ Ն. Գրիգորյանի հաջող ղեկավարման դրսևորումներն էին,- եզրափակեց Դ. Ուոնգը:
Նշենք, որ ուսումնավարժությունը կազմակերպել էր ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում էին նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա են նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և օգտակար ուսումնական նյութերով լազերային սկավառակ:
 

ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51