Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը

27.06.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը կայացավ Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում, որին ներկա էին հրապարակում ներկա են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը , մարզի պետական , քաղաքական , հասարակական կառույցների ղեկավարները , համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամները, կրթական , մշակութային , առողջապահական , սոցիալական , մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները , համահայկական խաղերի ջահին անհամբեր սպասող հասարակությունը :
Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ներկաները ծափողջյուններով դիմավորեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահակիրներին: Ջահի ընդունման պատիվը տրվեց շախմատի միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության շախմատի քառակի չեմպիոնուհի, Եվրոպայի թիմային առաջնության ոսկե եւ բրոնզե մեդալակիր հայաստանի հավաքականի կազմում , Եվրոպայի անհատական առաջնության կրկնակի փոխչեմպիոնուհի և կրկնակի բրոնզե մեդալակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների բազմակի մեդալակիր, 2008թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնություններում 2013 և 2009թթ արծաթե մեդալների արժանացած Լիլիթ Մկրտչյանին: Նրան ուղեկցեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, նորամուծությունների և ձեռներեցության ազգայի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը, ՀՀ Արագածոտնի մարզում 2015թ.-ին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգի հաղթող Ն.Բազմաբերդի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռաֆայել Մարգարյանը, 2011թ.Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Մխիթար Հերացի շքանշանի արժանացած, 2013թ. Հայաստանի Հանրապետության լավագույն թերապեվտ ճանաչված Անահիտ Խաչատրյանը:
Բեմում կանգնած ջահակիրներին եւ հրապարակում գտնվող բոլոր ներկան երին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա մասնավորապես ասաց. ,,Ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի մուտքը Արագածոտնի մարզ: Անցնելով մեր երկրի բազմաթիվ բնակավայրերով, արժանանալով հանրության սիրուն ու մեծարանքին, այսօր ջահը հանգրվանել է մարզկենտրոն Աշտարակ քաղաքում, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս:
Ինչպես այս ջահը, այնպես էլ Համահայկական խաղերն ամբողջությամբ խորհրդանշական երանգ ունեն: Դրանք արտահայտում են մեր ժողովրդի միասնությունը, մեկ գաղափարի շուրջ համընդհանուր մոտեցումներն ու ազգային արժանապատվության դրսեւորումները:
Համահայկական խաղերը առաջընթաց քայլ են Հայաստան-Արցախ- Սփյուռք կապի ամրապնդման ճանապարհին: Մարզական այդ տոնահանդեսի ընթացքում միասնական կյանքով են ապրում, հաղթանակներով հրճվում եւ ոգեւորվում աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը: Այս տեսանկյունից անչափ կարեւորում եմ Արեւմտյան Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի հայաշատ վայրերից ժամանած մեր մարզիկների մասնակցությունը: Ուզում եմ ընդգծել, որ բոլորիս նպատակը մեկն է` միասնականությունը, եւ խաղերին մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է: Համահայկական խաղերն այլեւս իրականություն են, եւ առաջիկայում դրանք ընդլայնելու, շրջանակները ընդարձակելու բոլորիս հաստատակամությունն ակնհայտ է:
Համահայկական խաղերի 6-րդ տարին համընկնում է Հայոց ցեղասպանության 100 ամյակին եւ ընդգրկված է այդ տարելիցի կապակցությամբ իրամանացվող ծրագրի շրջանակում: Ահա թե ինչպիսի կարեւորություն ունի մարզական այդ իրողությունը բոլորիս համար, եւ ինչպիսի պետական մոտեցում է ցուցաբերվում հանդեպ այդ իրադարձությունը:
Համահայկական խաղերն առանձնակի ուշադրության են արժանանում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նրա մշտական հոգածությամբ եւ հետևողականությամբ է, թերեւս, պայմանավորված այն, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, մեկ գաղափարի, միասնականության շուրջ համախմբելով առողջ ապրելակերպն ընտրած հանրությանը: Եւ պատահան չէ, որ եթե նախորդ խաղերում ընդգրկված էր մոտ 3200 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը ավելի քան 5000 է:
Համահայկական ամառային 6-րդ խաղերն աննախադեպ են ոչ միայն մասնակիցների քանակով, այլև քաղաքների աշխարհագրությամբ: Դրանք կանցկացվեն ինչպես Երևանում, Ստեփանակերտում, այնպես էր Գյումրիում, Վանաձորում, հանրապետության այլ քաղաքներում: Ընդարձակվել է նաեւ մարզաձեւերի քանակը: Նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել է ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս բոլոր մարզաձեւերում հայազգի մարզիկները դրսեւորում են իրենց լավագույն կարողությունները, տարեցտարի գրանցում նոր հաղթանակներ, սահմանում ռեկորդներ:
Ինչպես Համահայկական ամառային նախորդ խաղերին, 6-րդին եւս իր ակտիվ մասնակցությամբ է ներկայանում Արագածոտնի մարզը: Մարզումների կազմակերպման ողջ գործընթացում մեր մարզիկները մշտապես արժանացել են մարզի ղեկավարության ուշադրությանն ու աջակցությանը: Այդ ամենը շարունակվելու է նաեւ առաջիկայում` նպաստավոր պայմաններ ստեղծելով համանման մեծածավալ միջոցառումներում լավագույնս ներկայանալու համար,,:
Մարզպետը բոլոր մարզիկներին ցանկացավ մեծ հաղթանակներ, նորանոր ռեկորդներ եւ ձեռքբերումներ, իսկ ջահին մաղթեց բարի ճանապարհ` դեպի իր հիմնական հանգրվան:
Հանդիսությունն ավարտվեց համերգային մասով, որի ընթացքում ելույթ ունեցան Մարգար Մշեցին, Արագածի եւ Թալինի պարային համույթները, Ռոման Ավագյանը:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51