Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներն իրենց խնդիրները ներկայացրեցին ՏԿԱԻ նախարարին

24.06.2015

Հունիսի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնք և հանդիպել համայնքի բնակիչներին: Նախարար Ա. Երիցյանին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արամ Հարությունյանը: Այցի նպատակն էր քննարկել Եղնիկ և հարևան Շղարշիկ գյուղերի միջև երկար տարիներ առկա ոռոգելի և խմելու ջրի խնդիրը:
Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանն ու Եղնիկի համայնքապետ Աշոտ Առաքելյանը նախարարին ներկայացրեցին խնդրի էությունը: Տարիներ շարունակ երկու հարևան համայնքների՝ Եղնիկի և Շղարշիկի բնակիչները չեն կարողանում կիսել խմելու և ոռոգելի ջրի պաշարները: Ըստ եղնիկցիների՝ Շղարշիկ համայնքն ունի իր ջրային կարիքները բավարարելու այլ միջոցներ՝ մասնավորապես գյուղում գործում է սելավատար, կա լիճ և ստորգետնյա աղբյուրներ, մինչդեռ շղարշիկցիները պարբերաբար փակում են Եղնիկը սնուցող ջրատարը և ջուրն ուղորդում իրենց համայնք՝ ընդ որում խոսքը թե՛ խմելու, թե՛ ոռոգելի ջրի մասին է: Նախկինում խնդրի լուծման համար առաջարկվել են մի շարք նախագծեր, որոնք կյանքի չեն կոչվել: Մասնավորապես, Եղնիկ գյուղի համար նախատեսված է եղել կառուցել 2.5 կմ երկարությամբ առանձին ջրագիծ, որի մի մասի կառուցումը պետք է իրականացվեր եղնիկցիների միջոցներով, սակայն նախագիծը ավարտին չի հասցվել համայնքի բնակիչների սուղ միջոցների պատճառով:
ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը խնդրի լուծման համար առաջարկեց համայնքի ջրային պաշարների տնօրինումը հանձնել ՋՏՊԿ-ին, քանի որ այս հարցում չկա միասնական և պետական մոտեցում, ինչպես նաև համայնքի ջրառն այսօր անօրինական է:
- Մեր տնօրինության տակ լինելու դեպքում կբարելավենք համայնքի թե ներքին, թե արտաքին ջրային ցանցը: Մեր միջոցներով կկառուցենք օրվա կարգավորիչ կայան, ինչպես նաև կսահմանվի ջրավարձի միասնական սակագին: Սակայն սա ճանապարհներից մեկն է, որը մենք չենք պարտադրում և ընտրությունը թողնում ենք ձեզ, - նշեց Ա. Հարությունյանը:
Խնդրին ծանոթանալուց հետո ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը համայնքի բնակիչներին առաջարկեց ստեղծել ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի և տասն օրվա ընթացքում կտա մասնագիտական եզրակացություն: Նախարարը նշեց նաև, որ մասնագիտական եզրահանգումն անհրաժեշտության դեպքում կներկայացվի նաև վարչապետին, և հնարավորինս շուտ լուծում կստանա:
- Յուրաքնաչյուր համայնք ունի իր յուրովի խնդիրները: Ես քաջատեղյակ եմ, որ գյուղացու կյանքը դժվար է, սակայն հավատացեք, որ սահմանամերձ համայնքներում վիճակն ավելի ծանր է, քանի որ ազգաբնակչությունը հակառակորդի կրակահեթի տակ է: Ձեզ մոտ եկել եմ որպես բարեկամ, եկել եմ ձեր առաջարկները լսելու: Գիտեմ, որ ձեզանից լավ խնդրին ոչ ոք ծանոթ չէ: Ուստի՝ եկե՛ք միասին լուծենք այս հարցը: Կարծում եմ՝ խնդիրը մինչ այսօր չի լուծվել կառուցողական քննարկման և երկխոսության բացակայության պատճառով, - եզրափակեց նախարար Ա. Երիցյանը:
Եղնիկ համայնքի բնակիչների մեծ մասը ոգևորությամբ ընդունեցին նախարարի առաջարկը: Արդյունքում` առաջիկա օրերին կստեղծվի մասնագիտական խումբ, որը ոլորտի պատասխանատուներին կներակայացնի երկու համայնքների ջրային պաշարների բաշխման օպտիմալ տարբերակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16