Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետության օրը` Արագածոտնի մարզում

28.05.2015

Հանրապետության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Ապարանի ,,Վերածնունդ,, հուշահամալիրում: Ավանդույթի համաձայն, տոնը ազգային տոնախմբության վերածվեց, որին մասնակցեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզային եւ համայնքային պետական կառավարման, քաղաքական, կրթամշակութային, ուժային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից եւ հարեւան մարզերից, Ապարանի եւ հարակից բնակավայրերի հանրությունը:
Դեպի հուշահամալիրի բարձունքը ձգվող անտառապատ ուղին մասնակիցներն անցան քայլերթով, որը սկիզբ էր առել Ապարանի կենտրոնական հրապարակից: Հարգանքի տուրք մատուցվեց համալիրի տարածքում գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիների հիշատակին, նրանց շիրիմները պատվեցին ծաղկեպսակներով: Այց կատարվեց եւ ծաղկեպսակներ զետեղվեց նաեւ հուշակոթողին հարակից գտնվող` Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար, գեներալ Դրաստամատ Կանայանի գերեզմանին:
Այնուհետեւ տրվեց հանդիսության բացման մեկնարկը: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր, որոնցում մեկ անգամ եւս կարեւորվեց 1918 թվականի մայիսին ծավալված ռազմական գործողությունների դերը հայոց պատմության մեջ:
Ողջույնի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Կոչ անելով համազգային միասնության, մարզպետն ասաց, որ 97 տարի առաջ, մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումը Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի արդյունք էր: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, նոր հեռանկարներ բացեց մեր պետության ընթացքը սեփական ուժի զորությամբ կերտելու, աշխարհի հետ ներդաշնակ քայլելու համար:
Տոնախմբությունը շարունակվեց հանրապետության ճանաչված արտիստների երաժշտական կատարումներով եւ ապարանյան ավանդական բացօթյա հյուրասիրությամբ:
Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 28-ին տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի բոլոր համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16