Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

25.05.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:
Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև Թալինի՝ հիմնանորոգված և կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:
Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է և տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչև ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ Նախագահի Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաև անհրաժեշտ գույք:
Դպրոցի բակում Հանրապետության Նախագահը մասնակցել է հաստատության սաների և քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16