Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում

21.05.2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ:
Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգություն հայտնեց մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն ենթարկվել ռեկուլտիվացման և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը:
Արամայիս Գրիգորյանը, կիսելով մարզպետի մտահոգությունը, նշեց. «Մեր մոտեցումներն այս ոլորտում հստակ են: Այն ընկերությունները, որոնք ավարտել են հանքի շահագործումը կամ մոտենում են գործունեության ավարտին, պետք է օրենքի պահանջներին համապատասխան կատարեն իրենց պարտավորությունները` ռեկուլտիվացման ենթարկելով սույն տարածքները: Իսկ ինչ վերաբերում է լքված հանքավայրերին, ապա պետք է ասեմ, որ մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը, և կառավարության աջակցությամբ առաջիկայում կիրականացվեն լքված հանքերի ռեկուլտիվացման պիլոտային ծրագրեր, այդ թվում նաև ձեր մարզում: Միևնույն ժամանակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, որպեսզի վերջինս բնապահպանության նախարարությանը և համապատասխան մարզպետարանին տեղեկատվություն տրամադրի այս կամ այն հանքավայրի փակման ծրագրի վերաբերյալ` նախքան հանքավայրի հրաժարման/փակման/ հավաստագիր տրամադրելը»:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը բարձրացրեց Քասախ գետի աղտոտվածության հարցը, որը պայմանավորված է մարզում կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությամբ և այդ կոյուղաջրերի` Քասախ գետը լցվելով:
Արամայիս Գրիգորյանն իր հերթին նշեց, որ գետի աղտոտվածությունն առաջ է բերում ինչպես բնապահպանական, այնպես էլ գյուղատնեսական և առողջապահական լուրջ խնդիրներ, ուստի հարցը գտնվում է համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում տեսչական գործունեությամբ փորձում է նվազեցնել բնությանը հասցվող վնասները` ուժեղացնելով վերահսկողությունը:
Նախարարն անդրադարձավ նաև մարզում շինարարական աշխատանքների իրականացման գործընթացում թույլ տրվող խախտումներին` նշելով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ շինաշխատանքները սկսվում են առանց համապատասխան փորձաքննական եզրակացությունների, ինչը հակասում է օրենքին:
Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և ընդգծեց, որ վերը նշված խնդիրները շարունակելու են մնալ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16