Նորություններ
Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը
12.05.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը
Այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությունը բացել է մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ներկայացրել է, որ այն նվիրած է մեղվաբուծության զարգացման խնդիրներին, որի նպաըակով ներկա է նաեւ Ռոզա Ծառուկյանը:
Նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
Մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ պարարտանյութերի և դիզելային վառելիքի բաշխման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հայտեր ներկայացնել:
Նախարարի խոսքով` գյուղատնտեսությունը հանրապետությունում վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում` ապահովելով միջինում 7,5 տոկոս աճ և զարգացման մեծ ներուժ ունի: Նախարարի հավաստմամբ վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանակը, այդ թվում` նաև Արագածոտնի մարզում, ժամանակին իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները:
Ընդգծելով, որ տարին բարենպաստ է և հատկապես պտղի ու խաղողի բարձր բերք է սպասվում` Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ հավաստել է, որ մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով, պետությունը կաջակցի վերամշակող ընկերությունների խնդիրների լուծմանը և կհետևի, որպեսզի մթերումների գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպվի:
Հաշվի առնելով հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայմանները` նախարարը խորհուրդ է տվել գյուղացիներին անպայման բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ, քանի որ նման եղանակային պայմանները նպաստում են մի շարք սնկային հիվանդությունների բուռն զարգացմանը:
Նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ համատեղ այցելություններ են կատարվելու բոլոր մարզեր` տեղի մեղվաբույծների հետ առկա խնդիրները քննարկելու, առաջարկությունները լսելու, մեղվաբուծության զարգացման ծրագրեր կազմելու և կառավարութան քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին նախարարը լսել և պատասխանել է մեղվաբույծների կողմից բարձրացված հարցերին: