Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նշվեց Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը

09.05.2015

Մայիսի 9-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակի անվան հրապարակից սկիզբ առան մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան:
Վաղ առավոտյան մարզպետ Սարգիս Սահակյանը, պետական կառույցների ղեկավարները ծաղիկներ զետեղեցին հրապարակում գտնվող Ներսես Աշտարակեցու հուշարձանի եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ:
Մարզի եւ քաղաքի ղեկավարների, կրթական, մշակութային, առողջապահական եւ մարզային այլ կառույցների, հասարակական կազմակերպությունների, հանրության մասնակցությամբ կազմակերպվեց ավանդական քայլերթ` դեպի քաղաքային զբոսայգի: Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ հանդիսավոր արարողություն: Մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի, պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության, այլ կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրվեցին անմար կրակի շուրջ: Հնչեցին ողջույնի խոսքեր:
Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ ներկաներից շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը:
-Մայիսի 9-ը մեծ խորհուրդ ունի եւ կրկնակի տոնական է: Նշում ենք Մեծ հայրենականի հաղթանակի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը,-ասաց մարզպետը:-Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ բազմաթիվ հայ քաջորդիների ինքնազոհողության եւ հերոսացման գնով` մեր ժողովրդի համար ապահովելով խաղաղ ապրելու եւ արարելու լիարժեք հնարավորություն: Հերոսների հայրենասեր ոգին հայրերից փոխանցվել է այսօրվա քաջարի զինվորներին, ովքեր նորանոր սխրանքներ են դրսեւորում եւ ապահովում մեր հայրենիքի սահմանների անառիկությունը, երկրի խաղաղությունը,-ասաց նա:
Օրվան տոնական տրամադրություն հաղորդեցին հայրենասիրական երգ ու պարի, ասմունքի կատարումները:
Հայրենական պատերազմի մի խումբ վետերաններ արժանացան ՀՀ վարչապետի պատվոգրևի, իսկ հանրակրթական դպրոցների մի քանի տնօրենների եւ ռասզմագիտության ուսուցիչների պատվոգրեր հանձնեց մարզպետը` ռազմահայրենասիրական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար:
Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներ կայացան նաեւ մարզի բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Մարզպետի հանձնարարությամբ բոլոր համայնքներում կատարվեցին այցելություններ Հայրենական պատերազմի վետերաններին, ովքեր մարզում 31-ն են: Շնորհավորանքի հետ միաժամանակ մատուցվեցին ծաղիկներ եւ նվերներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16