Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց

28.04.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Վարդենուտ համայնքում մասնակցել են նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սպանդանոցը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս 4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի, Օձուն և Մայակովսկի համայնքներում:

«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը», – շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:

Նախարարը կարևորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ առկա համագործակցության արդյունավետ փորձը և աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, և նախարարությունն իր առջև խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նախարարը հայտնել է նաև, որ անասնապահության ոլորտում մեծածավալ ներդրումներ են իրականացվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով, որի շրջանակում էլ նախատեսվում է իրագործել անասնապահական մթերքների արտադրության արժեշղթաների հզորացումը, այդ թվում՝ սպանդանոցների կառուցումը:

«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը, – նշել է Իոաննիս Տայիսը, – մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի և մսամթերքի արտադրությանը»:

Դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին և մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16