Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ

24.04.2015

Սիրելի հայրենակիցներ,
Լրացավ մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիրներից մեկի` Հայոց ցեղասպանության 100 ամյակը: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ պետականորեն իրագործվեց ցեղասպանություն: Ոճիր, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով նորագույն պատմության մեջ հիմք դառնալով նորանոր ցեղասպանությունների:
Մեկ դար շարունակ հայ ժողովուրդը պայքարում է իր պատմության եղերական ժամանակաշրջանի վերաբերյալ ճշմարտացի գնահատական ստանալու, արդարացիության վերականգնման համար, սրբորեն պահպանում իրենց արյամբ ու հիշատակներով սերունդներից վրեժ պահանջող մեր նահատակ հայրերի ու պապերի հիշատակը:
Այսօր առավել, քան երբեւէ, կարեւորվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ հայերի դեմ իրականացված եղեռնագործության ճանաչման ու դատապարտման պահանջը: Հարց, որը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու ղեկավարությունը շարունակում են պահել մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնակարգ խնդիրներից մեկը՝ միաժամանակ պահպանելով պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալու, համագործակցելու միտումը:
Վերջին տարիներին եւ հատկապես այսօր` ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդարձակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների ցանկը, ինչն անչափ կարեւոր է ժամանակակից աշխարհում ցեղասպանության հանցագործության կանխարգելման, միջազգային անվտանգության համակարգի ամրապնդման ու քաղաքակրթությունների երկխոսության խթանման առումով:
Առաջադեմ երկրներում դատապարտման, հիշատակի եւ խոնարհման միջոցառումներ են իրականացվում, ցեղասպանության զոհերի ոգեկոչման եւ զորակցման խոսքեր հնչում: Այդ ամենը որքան էլ կիսում է կորստի ցավը, սակայն, ամենեւին էլ չի մեղմում անարդարության հանդեպ զայրույթն ու պոռթկումը: Այն առավել վճռականություն ու հաստատակամություն է ներշնչում` ազգովի տեր կանգնելու մեր պատմության ամենաարյունալի եւ կնճռոտ էջերին, եւ մեր պահանջատիրական ձայնը հետեւողական ու լսելի դարձնելու:
Ահա այսպիսի դրսեւորումներով ենք մենք մուտք գործում դեպի Հայոց ցեղասպանության երկրորդ հարյուրամյակ, դարաշրջան, որը նոր լույս եւ հեռանկար է սփռելու պատմական արդարացիության վերականգնման սրբազան գործի վրա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16