Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

22.04.2015

Ապրիլի 22-ը Արագածոտնում հարուստ էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներով: Որքան էլ օրը հագեցած էր, այդուհանդերձ, բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տարելիցի խորհրդին համահունչ` հղեց իր ուղերձը:
Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառումը կրում էր ,,Իմ տարիքը Արարատն է,, խորագիրը: Գեղարվեստական պատկերմամբ ներկայացվեց հայոց պատմությունն իր եղերական դրվագներով, այդ իրադարձությունների ազդեցությունը ժողովրդի ճակատագրի վրա եւ արձագանքները` ներկա ժամանակաշրջանում: Միջոցառումն իր բնույթով լավատեսական էր, եւ գլխավոր գաղափարն այն էր, որ հայը ամուր է իր հողի վրա: Ուրիշ ոչ մի տեղ հայրենիք չկա, եւ յուրաքանչյուր հայ իր ներկայությամբ պետք է տեր դառնա իր հող ու ջրին, իր սուրբ լեռանը` Արարատին: Հնչեցին ասմունք, երգ-երաժշտություն, որոնք հաղթական երանգներ էին կրում:
Աշտարակի մշակույթի տան նախասրահում կազմակերպվեց ՀՀ ազգային արխիվի կողմից ներկայացված` Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցահանդես: Ներկայացված նյութերի մասին խոսեց ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա ասաց, որ հազվագյուտ եւ կարեւորագույն փաստաթղթերի մեջ կան այնպիսիք, որոնք վերաբերում են նաեւ Աշտարակին: Դրանք պատմում են ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ գաղթի ճանապարհով Արեւելյան Հայաստան հասած հայերի, հատկապես որբերի` Աշտարակում եւ հարակից 30 բնակավայրում ընդունելու մասին: Ցուցադրվեց նաեւ փաստագրական ֆիլմ: Այնուհետեւ դահլիճում կայացավ ,,Վերածնունդ,, խորագիրը կրող ոգեկոչման երեկո:
Թալին քաղաքում կայացան տարածաշրջանի` տարելիցին նվիրված գլխավոր արարողությունները: Քաղաքի մուտքից սկսվեց հիշատակի քայլերթը: Մասնակիցները երթով շարժվեցին դեպի մշակույթի տան հարակից հրապարակ, որտեղ կայացավ գեղարվեստական միջոցառում: Տեղի մշակութային համույթների, անհատ կատարողների կողմից հնչեցին ազգային, հայրենասիրական երգ ու պար, երաժշտություն: Առաջին անգամ հնչեց ,,100-ամյա տարելիցին ընդառաջ,, երգը, որը կյանք է առել մարզպետ Սարգիս Սահակյանի հովանավորությամբ: Այնուհետեւ մասնակիցները ջահերով երթ կազմակերպեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Մատուցվեց հոգեւոր կարգ` ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գրական-երաժշտական միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Ուշիի, Ղազարավանի, Բազմաղբյուրի եւ այլ դպրոցներում, ուր ներկա էին նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդամները: Ուշիում նաեւ խաչքար տեղադրվեց` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16