Նորություններ
Մարզպետի մոտ կայացավ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող քննարկում
09.04.2015

Ապրիլի 9-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ENPARD ծրագրի ղեկավար Օման Սեվելվիին եւ իր գործընկերներին: Նպատակը մարզում ծրագրի կողմից իրականացվող նախագծերին ծանոթացնելն էր եւ համատեղ գործակցություն ծավալելը:
Օման Սեվելվին մանրամասնորեն ներկայացրեց իրենց ծրագրի գործողությունների շրջանակը, շահառուների ընդգրվածության չափորոշիչները, աշխատանքի ժամանակացույցը եւ այլ մանրամասներ: Նշվեց, որ ծրագիրն աշխատելու է երեք տարի ժամկետով, որի մեջ աշխատանքային խմբերն ընդգրկվելու են բաց մրցույթի ընթացակարգով: Այն գյուղատնտեսության ոլորտում զբաղվող տնտեսվարողներին ընձեռելու է առաջնային արտադրատեսակների գործադրման, մթերման գործընթացի կազմակերպման, նոր շուկաների, այդ թվում` արտերկրում, ընդլայնման հնարավորության ստեղծում: Կկազմակեպվեն նաեւ մասնագիտական դասընթացներ, խորհրդատվական ուսուցումներ: Այդ ամենին, անշուշտ, նպաստելու է ծրագրի կողմից տրամադրվող դրամական, նյութատեխնիկական աջակցությունը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց նման ծրագրի իրականացումը եւ նշեց, որ մարզում բազմաթիվ են գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ձեռներեցները: Նա պատրաստակամություն հայտնեց ընդառաջել ծրագիրը մարզում ամենայն խորությամբ եւ ընդգրկուն իրականացնելու, եւ գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին գործունեության նոր հեռանկարներ բացելու համար: