Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը

25.02.2015

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը հավուր պատշաճի նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ մի խումբ համայնքապետեր, մարզային կառույցների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարի շիրմին:
Այնուհետեւ նրանք այցելեցին Ուջան համայնք, որտեղ մասնակցեցին Անդրանիկի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառմանը: Ներկաները նախ այցելեցին գյուղի կենտրոնում տեղադրված Անդրանիկի հուշարձանին, ծաղկեպսակներ տեղադրեցին` ի հիշատակ հերոսի: Հանդիսության գեղարվեստական մասը շարունակվեց հուշարձանի հարակից հրապարակում, որտեղ Անդրանիկ Օզանյանի անունը կրող դպրոցի աշակերտների կողմից ներկայացվեց գրական-գեղարվեստական, հարուստ ծրագիր:
Հոբելյանի կապակցությամբ ողջույնի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ Անդրանիկը, ով 1899 թվականին. Աղբյուր Սերոբի սպանությունից հետո ընտրվեց գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ, դարձավ Արցախյան պատերազմի կամավորականների՝ Հայաստանի նորանկախ ֆիդայիների շարժման խորհրդանիշը: Ինչպես հետագայում պետք է Խաչիկ Դաշտենցն ասեր՝ մենք բոլորս պետք է մի օր նրանց ըմբոստ ճակատները համբուրենք: Բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է մեր երկրի անկախությունն ու ազատագրական պայքարը, Զորավար Անդրանիկը և մեր մյուս ֆիդայիները առաջնային կերպարներ են:
Իր ելույթում մարզպետը անդրադարձ կատարեց զորավարի կենսագրական տեղեկություններին, դրանով իսկ ամբողջացնելով նրա հերոսական, հայրենասիրական կերպարը, նրան ներկայացնելով իբրեւ հայկական ըմբոստ և հրեղեն ոգու խորհրդանիշ:
Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին ազգային-ազատագրական երգ-երաժշտություն, կատարվեցին հայրենասիրական խրոխտ պարեր:
Զորավար Անդրանիկի 150-ամյա հոբելյանը տոնականորեն նշեցին նաեւ Վերին Սասնաշեն համայնքում: Այստեղ եւս այն սկսվեց գյուղի կենտրոնում գտնվող Անդրանիկի արձանին ծաղկեպսակների տեղադրումով, որը շարունակվեց դպրոցում կազմակերպված գեղարվեստական միջոցառմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14