Նորություններ
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
16.02.2015

Փետրվարի 12-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ծաղկահովիտ համայնք։ Համայնքի գյուղապետարանում նախարարը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը և համայնքի ներկայացուցիչներ։
Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը լսեց համայնքի առաջնային խնդիրները, որոնք հիմնականում ընդգրկում էին ջրամատակարարման, աղբահանության, կոյուղային համակարգի բարելավման և համայնքի խոցելի խավերին բնակարաններով ապահովելու հարցերը։
Խորհրդակցությունից հետո Ա. Երիցյանը ծանոթացավ մոտ ապագայում Ծաղկահովիտում շահագործման հանձնվելիք բազմաբնակարան շենքին։ Նորակառույց շենքը բաղկացած է 40 լուսավոր, ջեռուցման համակարգով ապահովված, ընդարձակ ու հարմարավետ բնակարաններից և նախատեսված է երկրաշարժից տուժած անօթևանների և այլ կարիքավորների համար։ Շինությունը կառուցվել է պետական միջոցներով։
Բնակարանների բաշխման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովում ընդգրկված են քաղաքաշինության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, Արագածոտնի մարզպետարանի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ։