Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզխորհրդի նիստին մասնակցեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը

10.02.2015


Փետրվարի 10-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ներկա էին նաեւ ՏԿԱԻ նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը, Հայկարամ Մխիթարյանը, Դավիթ Կարապետյանը,  նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յ. Ազատյանը ներկայացրեց մարզի համայնքներում առկա առաջին հրատապության խնդիրները: Նա անդրադարձավ 2014-ին մարզում տեղադրված 5 հակակարկտային կայաններին, խոսեց դրանց արդյունավետության մասին և նախարար Երիցյանին խնդրեց, հնարավորության դեպքում, այս տարի կայանների տեղադրման քանակը հասցնել 20-ի: Մարզի առաջնային խնդիրների շարքում Ազատյանն առանձնացրեց համայնքային մաշված տեխնիկայի վերազինման, ոռոգման համակարգի բարելավման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման ու կազմակերպման հարցերը: Մարզպետարանի աշխատակիցը շեշտեց, որ Քասախ գետի մաքրման աշխատանքների իրականացման, մի շարք քաղաքների և գյուղական համայնքների պոմպակայնների ու Ապարանի ջրամբարի վերանորոգման դեպքում մեծապես կբարելավվի մի շարք համայնքների ոռոգման համակարգը:

Մարզխորհրդի նիստի ընթացքում իրենց խնդիրներով կիսվեցին նաև մարզի որոշ համայնքների ղեկավարներ: Մասնավորապես` Կաթնաղբյուր համայնքի ղեկավարը նշեց, որ միայն տեխնիկական խնդիրների պատճառով համայնքում չի ոռոգվում շուրջ 123 հեկտար հողատարածք: Նա մարզի մի քանի համայնքների ղեկավարների անունից բարձրացրեց գրեթե նույն խնդիրները, որոնք կապված են պոմպակայանների վերանորոգման, գազիֆիկացման, ոռոգման ջրով ապահովման, ամբարտակների ջրատարողության հուսալիության հետ և այլն:

Անդրադառնալով բարձրացված խնդիրներին` ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հանրապետության տարածքում համայնքային խնդիրները գրեթե նույնն են, և մեծ աշխատանք է տարվում այդ խնդիրները շուտափույթ լուծելու ուղղությամբ: «Մենք լինելու ենք բոլոր գյուղերում անխտիր: Ծանոթանալու ենք խնդիրներին հենց տեղում և ձգտելու ենք տեղում լուծում տալ այն հարցերին, որոնք հնարավոր է լուծել այսօր, ավելի երկարաժամկետ լուծում պահանջող հարցերը կկարգավորվեն ժամանակի ընթացքում: Ես անձամբ կզեկուցեմ և´ նախագահին, և´ վարչապետին: Լինելու ենք ձեր կողքին, շատ անելիքներ ունենք միասին», - շեշտեց Ա. Երիցյանը:
Նախարարը հանձնարարեց նաև արծարծված հարցերի վերաբերյալ կազմել հստակ հաշվետվություն, թե ինչ միջոցներ և ինչքան գումար է հարկավոր այդ խնդիրները լուծելու համար:

Օրակարգի հաջորդը հարցերը վերաբերում էին մարզի համայնքներում 2014-ին իրականացված վարչական վերահսկողության և կադրային գործի վարման ընթացքում հայտնաբերված խախտումներին, թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև` դրանց վերացման աշխատանքներին, 2015 թ. մարզի համայնքների բյուջեի կազմման գործընթացին, համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը:

Նիստի ընթացքում բարձրացված հարցերին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ 2014-ը բավական դրժվար տարի էր մարզի համայնքների համար, քանի որ գրանցվել են ցրտահարության և կարկտահարության դեպքեր: Մարզպետը հայտնեց, որ համայնքներում արոտավայրերի բարելավման ծրագրերի ընդլայնումը քննարկվել է նաև գյուղատնտեսության նախարարության հետ: Նա հավելեց, որ շատ համայնքներ պատրաստ են նույնիսկ տեղական բյուջեի օգնությամբ լուծել համաֆինանսավորման խնդիրները: Միևնույն ժամանակ, մարզպետը նախարարին ներկայացրեց մարզի սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետությունը` նշելով, որ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում այն 2014 թվականին կազմել է ավելի քան 103 %, ինչը աննախադեպ ցուցանիշ է:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզպետարանի գործունենությունը` նախարար Ա. Երիցյանը ցանկություն հայտնեց շարունակել նույն ոգով և մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին և համայնքային դպրոցների բարելավման աշխատանքներին:
Մարզխորհրդի նիստից հետո նախարար Ա. Երիցյանն այցելեց Արագածոտնի մարզի նորակառույց Ճգնաժամային կառավարման կենտրոն և ծանոթացավ նորոգման ընթացիկ աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարը նշեց. "Մինչև սույն տարվա ապրիլ ամսվա սկիզբը այս մարզի, ինչպես նաև հանրապետության տասը մարզերի ՃՃԿ-ները կսկսեն գործել լիարժեք կազմով: Ես ցանկանում եմ, որ մարզպետներին անձամբ զեկուցեն մարզային պատահարների մասին: Մենք ֆինանսական խնդիրեր ունենք հակակարկտային կայանների տեղադրման հարցում: Ներկայումս դրանք ապահովում են հանրապետության տարածքի ընդամենը 9.3 տոկոսը: Դրամական միջոցներ ձեռք բերելու նպատակով համագործացկում ենք նաև արտասահմանյան կազմակերպությունների հետ: Մենք նաև ձգտում ենք, որ 911 ծառայությունը հասանելի լինի հանրապետության ողջ տարածքում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մասնավորապես սահմանամերձ 32 գյուղերին:"

Մարզային ՃՃԿ այցելությունից հետո նախարարը եղավ նաև Աշտարակի բժշկական կենտրոնում: Ա. Երիցյանը մասնավորապես հետաքրքրվեց 1-03 ծառայության սպասարկման որակով և արդյունավետությամբ: Քննարկվեցին այն հարցերը, թե ձմռան ամիսներին ինչպես է առաջին օգնություն տրամադրվում դժվար անցանելի ճանապարհներ ունեցող համայնքներին: Բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Հովհաննիսյանը նախարարին ներկայացրեց բուժհաստատության առաջին հրատապության խնդիրները, որոնք ընդգրկում էին տեխնիկական վերազինման, ընդհանուր նորոգման, գույքի ձեռքբերման, ջրահեռացման և կոյուղային համակարգի բարելավման աշխատանքների իրականացման հարցեր:

Ծանոթանալով Բժշկական կենտրոնի խնդիրներին` նախարարը նշեց, որ կփորձի լուծում տալ ամենահրատապ հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14