Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
27.01.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Բանակի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության տոնացույցում հունվարի 28-ը հիշատակվում է իբեւ Բանակի օր: Տոն, որն ամենքինս է եւ որը հպարտություն, հայրենասիրություն, արժանապատվություն եւ միասնականություն է ներշնչում: Այն սրբագործված է Հայաստանի սահմաններում եւ Արցախում հերոսացած հայորդիների սխրանքով, հայրենիքի ազատության համար զոհաբերած նրանց արյամբ:
Պատերազմի բովում ծնունդ առած մեր բանակը երկրի սահմանների հուսալի պաշտպանն է, մեր ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքի երաշխավորը: Հայոց բանակը բոլոր ժամանակներում մեր ժողովրդի ազատատենչ հոգու կրողն է եղել, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր բանակի մարտիկները հերոսանում եւ իրենց կյանքն են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին:
Բանակաշինությունը մեր երկրի պետականության կերտման ամենաակնառու ձեռքբերումներից է: Այսօր բոլորիս խնդիրը այդ բանակի պահպանումն ու հզորացումն է, դրա շուրջ բոլոր ուժերի համախմբումն ու մեկտեղումը: Այս գաղափարին է միտված երկրի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, կառավարության ողջ համակարգի գործունեությունը:
Շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին, մեր հայրենիքի աննկուն պաշտպաններին, մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խիզախություն, ուժ եւ կորով` ի փառս մեր անկախ պետության զորացման եւ հարատեւման:
Թո’ղ որ մշտապես ջինջ ու անամպ լինի երկինքը, եւ այնտեղ ճախրի խաղաղությունը: