Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում` Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2015

Բանակի օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել, որն անց կացվեց Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երկրապահ կամավորների միության անդամներ, մարզի տարածքային զինկոմիսարներ, ուժային կառույցների, Մուղնիի եւ Գիտավանի զորամասերի, ռազմական ոստիկանության ղեկավարներ, համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, զինղեկներ:
Ներկաները փողային նվագախմբի հնչյունների ներքո ներս մտան դահլիճ: Այնուհետեւ 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների, Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաեւ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դեմ կատարված ոճրագործության զոհերի հիշատակը:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց բոլորին` Բանակի օրվա կապակցությամբ: Նա նշեց, որ լինելով բոլոր ժամանակների մեր հուսալի պաշտպանը եւ անցնելով պատերազմի բովով, այսօր բանակն առավել հզոր եւ մարտունակ է: Նրա անպարտելիությունը ակնհայտորեն դրսեւորվում է նաեւ այսօր, երբ մեր քաջարի զինվորները ցուցաբերում են աննկուն կամք, սխրանքներ, ապահովում սահմանների անառիկությունը:
-Բանակաշինությունը մեր երկրի պետականության կերտման ամենաակնառու ձեռքբերումներից է: Այսօր բոլորիս խնդիրը այդ բանակի պահպանումն ու հզորացումն է, դրա շուրջ բոլոր ուժերի համախմբումն ու մեկտեղումը: Այս գաղափարին է միտված երկրի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, կառավարության ողջ համակարգի գործունեությունը,-ասաց մարզպետը:
Մարզի դպրոցականների եւ պատանի երկրապահների ուժերով ներկայացվեց գեղարվեստական մաս, որտեղ հնչեցին Հայկական բանակին եւ հայ զինվորին փառաբանող երգ ու պար:
Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի եւ բանակաշինության գործում ներդրած մեծ ավանդի համար մարզպետի պատվոգրով պարգեւատրվեցին Երկրապահ կամավորական միության մի խումբ անդամներ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14