Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել. Սեյրան Օհանյան

12.01.2015

Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երեւանի եւ Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ-երի համար եղել է հաջողությունների եւ որակական առաջընթացի տարի: Ըստ Սեյրան Օհանյանի` հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ-երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երեւույթների հետեւաքնով առաջացող միջադեպերի 8% եւ մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը: Ինչպես ընդգծեց նախարարը` ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ եւ կրկնապատկված եռանդով առաջ շարժվել:
Առաջընթաց կա նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման առումով եւ 2015թ.-ի գերակա խնդիրը եւս պետք է լինի մարտական հերթապահության եւ մարտական խնդիրների կատարման արդյունքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը արտաքին ագրեսիայից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես, որ դրա նախադրյալները կան: Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է:
Խորհրդակցությունը եզրափակվել է պարգեւատրման արարողությամբ: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար, ինչպես նաեւ փոխգործակցության ամրապնդման եւ բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, նվերներով: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ մարզպետներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց հուշանվեր դաշույններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14