Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոսկե հարսանիք` Ամանորի նախաշեմին

29.12.2014

Դեկտեմբերի 27-ին ոսկե հարսանիք էր Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում: Օրվա հերոսները Աքրեբաս եւ Արուս Ասլանյաններն էին, ովքեր համատեղ ապրում են արդեն 57 տարի: Պապական ավանդույթներին հավատարիմ այս ընտանիքը հայտնի է իր աշխատասիրությամբ, բարիք արարելու հավատամքով: Գերդաստան, որի բազմանդամ ժառանգները հասարակության մեջ ընդունված, սիրված, մեծարված եւ կայացած անձնավորություններ են:
Ընտանիքի հայրը` Աքրեբասը, ծնվել է 1934 թվականին, Շղարշիկ գյուղում, իսկ կինը` Արուսը, 1937թվականին, դարձյալ Շղարշիկ գյուղում: Համատեղ կյանքում նրանք ունեցել են 5 երեխա` 2 աղջիկ եւ 3 տղա: Աչք տալով բազմազավակ ծնողներին, երեխաներն էլ ետ չեն մնացել նրանցից: Ավագ որդին` Արայիկը ունի 4 զավակ` 2 աղջիկ և 2 տղա: Բաղդասարը նույնպես 4 զավակ ունի ` 3 տղա և 1 աղջիկ: Իսկ փոքր որդին` Կոմիտասը, իրական հերոս է, սեղան է նստում  8 տղաների և 1 դստեր հետ: Աքրեբաս եւ Արուս Ասլանյանները հարուստ են նաեւ թոռներով ու ծոռներով: Նրանք 23 թոռ եւ 3 ծոռ ունեն :
Ահա այսպիսի մեծագույն վաստակով նրանք սեղան էին նստել` ճաշակելու իրենց ժառանգների, հարազատների, համագյուղացիների մեծարանքը: Իր ներկայությամբ ոսկե հարսանիքը պատվել էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ինչը առանձնակի ոգեւորել էր հոբելյար զույգին:
Ներկաները առողջություն, զավակների, թոռների ու ծոռների հաջողություններով ուրախանալու առիթներ եւ երջանիկ ծերություն մաղթեցին նրանց: Մարզպետ Սարգիս Սահակյանը, ում համար առանձնակի հոգեհարազատ էր միջավայրը, քանզի ինքը եւս այս բնակավայրի` Թալինի տարածաշրջանի Դիան գյուղի հող ու ջրի ծնունդ է, նշեց, որ Ասլանյանների գերդաստանը հայկական օջախի ավանդապահության, արմատներին հավատարմության լավագույն օրինակ է, եւ նրանց մաղթեց արեւշատություն, հանգիստ ու խաղաղ կյանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14