Նորություններ
Բարեգործական հերթական ծրագիրը՝ Արագածավանում
12.11.2014

Նոյեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետարանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF), Ուան Արմենիա կազմակերպության (ONEArmenia) համագործակցության արդյունքում տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցի նորովի կառուցված դպրոցական ճաշարանի եւ ատամների մաքրման կայանի, ինչպես նաև հիմնանորոգված հանդիսությունների դահլիճի բացման պաշտոնական արարողությունը:
Եռակողմ գործընկերության շնորհիվ նորովի կառուցվեց դպրոցական ճաշարանն ու ատամների մաքրման կայանը, իսկ Հիմնադրամի ամառային երեկույթի ընթացքում հանգանակած նվիրատվությունների շնորհիվ հիմնանորոգվեց նաեւ դպրոցի հանդիսությունների սրահը: Արագածոտնի մարզպետարանի ջանքերով հաջողվեց ապահովել ճաշարանի եւ հանդիսությունների սրահի կահավորումը: Արդյունքում ուսումնական տարվա սկզբից ամեն օր տաք եւ առողջ սնունդ է մատուցվում տարրական դպրոցի երեխաներին, Դպրոցն այժմ ունի նաեւ մեծ ու լուսավոր հանդիսությունների սրահ, որը նպաստելու է հայ բազմատաղանդ մանուկների բացահայտմանը, զարգացմանն ու առաջխաղացմանը:
Արագածավանի թիվ 2 դպրոցի առաջիկա բարեփոխումների կտրվածքով նախատեսվում է նաեւ դպրոցն ընդգրկել «Դպրոցները՝ հանուն առողջության» ՀՀ պետական ծրագրում եւ այն անդամագրել «Առողջությունը խրախուսող դպրոցների եվրոպական ցանց»-ին:
Ողջունելով ներկաներին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը փոխանցեց մարզպետ Սարգիս Սաահակյանի շնորհավորանքը նախագծի իրականացման կապակցությամբ եւ այն կարեւորեց իբրեւ աշակերտների առողջ ապրելակերպի ու ճիշտ սննդակարգին ուղղորդող գրավական: Նշվեց, որ COAF-ի հետ իրենց համագործակցությունը լավ ավանդույթներ ունի, եւ առաջիկայում համատեղ իրականացված ծրագրերին ավելանալու են նորերը:
Իր ելույթում հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանն ասաց. «Այսօր մենք տոնում ենք COAF-ի մի քանի ենթածրագրերի հավաքական ձեռքբերումները եւ ուրախ ենք, որ մեր կողքին են մեր գործընկերները՝ Ուան Արմենիան եւ Արագածոտնի մարզպետարանը, որոնց շնորհիվ հիմնադրամի այս մեծ նախաձեռնությունը ավելի ամբողջական դարձավ,,: