Նորություններ
ԼԱՎԱՇԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՆՈՐ ԱՐԹԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ
20.10.2014

ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ ,,Էրգրի համի հիշողություն,, հայկական ուտեստի փառատոնի շրջանակներում կայացավ Լավաշի և հայկական ուտեստի փառատոն, որի անցմացման վայր էր ընտրվել ծայրամասային Նոր Արթիկ գյուղը:
Մարզի համայնքների, կրթական, հասարակական կազմակերպությունների միջոցով ուսումնասիրվել են ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակների, հատկապես հացամթերքով և բուսական մթերքներով պատրաստվող ճաշատեսակների բաղադրությունը: Արագածի փեշերին դարեդար ապրած մարդկանց ավանդական խոհանոցին գումարվեցին Տարոն աշխարհի Էրգրի ուտեստները: Աշխարհում յուրահատուկ հացի` հայկական լավաշի և այլ հացամթերքների պատրաստմանը փառատոնի մասնակիցները ներկա գտնվեցին, համտեսելու հնարավորություն ունեցան գյուղական ընտանիքի հացատանը, թոնրի շրթին:
Նկատի ունենալով, որ 2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի, փառատոնի ընթացքում իրականացվեց նաև համայնքի հարգված ընտանիքներից մեկի` Լաուրա և Հովսեփ Գևորգյանների ոսկե հարսանիքը: Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ, տեր Հայկ քահանա Սահակյանը կատարեց 50 տարվա զույգի ոսկե հարսանիքի արարողակարգ, փառատոնի սկզբում օրհնեց հացն ու աղը:
,,Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա,, հասարակական կազմակերպության կողմից փառատոնի նախապատրաստման և կազմակերպման գործում կարևոր մասնակցություն ունեցած կազմակերպություններին, մշակութային խմբերին և անհատներին հանձնվեցին հուշանվերներ և շնորհակալագրեր: