Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

10.10.2014

Հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը, համաձայն որի առաջին հարցը վերաբերում էր աշնանացանի կազմակերպման գործընթացին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցեց, որ այսօրվա դրությամբ աշնանացան է կատարվել մոտ 9200 հա ցանքատարածութան վրա: Տարվա վերջին աշնանացանը կկազմի 12000 հա: Նշվեց, որ այս տարվա աշնանը մարզ է ներկրվել 75 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու եւ բաշխվել է համայնքներին: Ընթացքի մեջ են նաեւ կառավարության կողմից իրականացվող ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի, ինչպես նաեւ գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացունի տրամադրման ծրագրերը:
Հանրապետությունում եւ, մասնավորապես, Արագածոտնում, գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը եւ առաջիկա անելիքները ամփոփեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա ասաց, որ տարեսկզբին եւս մասնակցել է մարզխորհրդի նիստին, որտեղ համատեղ քննարկվել են տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Այժմ էլ մարզխորհրդի նիստին մասնակցելու նպատակը այդ աշխատանքների ամփոփումն է եւ նոր խնդիրների քննարկումը:
Նախարարը նշեց, որ ոլորտը շարունակում է գերակա համարվել երկրի տնտեսության զարգացման մեջ եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը կա՝ գալիք տարում շարունակել առ այսօր իրականացվող բոլոր ծրագրերը: Անդրադարձ եղավ հեռավոր համայնքների արոտավայրերի զարգացման, ոռոգման կաթիլային համակարգի ներդրման, կարկտապաշտպան ցանցերի համակարգի ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման, ապահովագրական համակարգի ներդրման, նոր այգիների հիմնման, գյուղատնտեսության գույքի համատարած հաշվառման եւ այլ խնդիրներին:
Օրակարգային հաջորդ հարցը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների, ինչպես նաեւ հողի հարկի եւ գույքահարկի շտեմարանների հետ տարվող աշխատանքների մասին էր: Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը ներկայացրեց, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրվել է 67 %-ով: Այդ թվում՝ հողի հարկը կազմել է 62.2, գույքահարկը՝ 67.7%:
Հարցին անդրադարձավ մարզպետ Սարգիս Սահակյանը: Կարեւորելով խնդիրը, նա համայնքապետերին հորդորեց առավելագույն ուշադրություն դարձնել սեփական եկամուտների կատարմանը, քանզի դրանով է արտահայտվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետ ընթացքը: Մարզպետն իր դիրքորոշումն արտահայտեց ու հանձնարարականները տվեց քննարկվող մյուս հարցերի վերաբերյալ: Դրանք վերաբերում էին համայնքների ղեկավարների կողմից ավագանիների որոշումները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մարզպետարան ներկայացնելուն, ինչպես նաև դրանց ՀՀ օրենսդրությանը համապատասխանելուն, այլընտրանքային ծառայությանը, մարզի համայնքներում քաղաքացիական պաշտպանության պլանների կազզմանը եւ այլն:
Մարզպետի կողմից առանձնակի ուշադրության արժանացավ Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետեւանքով տուժած եւ իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին մարզի համայնքներից համապատասխան օգնություն տրամադրելու գործի կազմակերպումը: Այն ներկայումս ընթացքի մեջ է, եւ համայնքների կողմից գործնական արձագանքը շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08