Նորություններ
Արագածոտնի մարզպետն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին
01.10.2014

ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով միմյանց, կողմերը նշեցին, որ նման հանդիպումները շահեկան են երկուստեք եւ կարող են գործնական ծրագրերի իրականացման հիմք հանդիսանալ:
Դեսպան Մուհամմադ ալ-Քաբանդին նշեց, որ, թեպետ, այցը ճանաչողական է, սակայն, մարզին նա ծանոթ է իր անձնական այցելությունների միջոցով, քանի որ նա սիրով է այցելում հանրապետության մարզեր, լինում հատկապես գյուղական համայնքներում, շփվում տեղի բնակչության հետ:
Ողջունելով մեծարգո հյուրին, մարզպետը տեղեկացրեց, որ մարզը գյուղատնտեսության զարգացման լավ ներուժ ունի: Նա պատրաստակամություն հայտնեց համագործակցել ոլորտում, մասնավորապես, անասնապահության զարգացման նպատակով լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար: Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում գործնական հանդիպում ունենալ, քննարկել եւ ձեռնարկել ոչխարաբուծության զարգացման համար հեռանկարային ծրագրեր: