Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ ազգային ավանդական երգի-պարի <<Զարթիր, լաո>> փառատոնը

27.09.2014

Արագածոտնի մարզպետարանի, մշակույթի նախարարության աջակցությամբ Արագածոտնի մարզում անցկացվեց ազգային ավանդական երգի-պարի համույթների, անհատ կատարողների մարզային <<Զարթիր, լաո...>> փառատոնը:
Փառատոնն անցավ երեք համերգային ծրագրով՝ Նոր Արթիկ, Սասունիկ, Ներքին Սասնաշեն համայնքներում, որտեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած, եղեռնից մազապուրծ եղածների սերունդները, ովքեր հավատարմորեն պահպանում եւ սերունդներին են փոխանցում ազգային մշակութային ավանդույթներն ու լավագույն արժեքները:
Երգի փառատոնը սեպտեմբերի 6-ին էր՝ Նոր Արթիկ համայնքում, որին մասնակցել է 28 անհատ կատարող և մեկ երգչախումբ: Պարային խմբերի համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, Սասունիկ համայնքում: Մինչ համերգային մասի սկսվելը, մասնակիցները Թաթուլ գյուղում ծաղկեպսակ դրեցին Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, Սասունիկում` Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի եւ Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Համերգին ներկա էին եւ գնահատանքի ու ոգեւորիչ ելույթներով հանդես եկան մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյանը: Նշվեց, որ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնին, Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ եւ նպատակ ունի նպաստել ազգային ավանդական, հնագույն երգերի, պարերի, մաքրամաքուր երաժշտության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը: Համերգային մասը կայացավ պարային 10 խմբի մասնակցությամբ:
Փառատոնի գալա համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին, Ներքին Սասնաշեն համայնքում, որին ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ժողովրդական երգիչ Ներսիկ Իսպիրյանը: Մեծ էր մասնակիցների ոգեւորությունն ու ուրախությունը եւ փառատոնը վերածվեց երգի ու պարի տոնախմբության:
Փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար կազմակերպչի՝ <<Առաջընթաց>> հասարակական կազմակերպության կողմից խորհրդանշական հուշանվերներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին մարզպետ Սարգիս Սահակյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Բոլոր անհատ կատարողները, պարային համույթները ստացան վկայագրեր, իսկ լավագույն անհատ կատարողներին, պարային համույթներին տրվեցին պատվոգրեր, մրցանակներ, նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14