Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Արագածոտնի մարզ

04.09.2014

Սեպտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ: Փոխվարչապետը նախ եղավ Ծաղկահովիտ համայնքում, մարզպետ Սարգիս Սահակյանի, համայնքապետի եւ Քաղաքաշինության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով վերակառուցված բազմաբնակարան շենքի պայմաններին:
Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:
Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց շենքի տեխնիկական վիճակին, կատարված աշխատանքների որակին, բնակարանների բաշխմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քննարկման ընթացքում ներկայացված նկատառումները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության նախարարությունը բնակարանների բաշխման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ կներկայացնի կառավարություն:
Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Աշտարակ քաղաք, որտեղ ծանոթացավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող "Համայնքային ջրամատակարարման ծրագրի" շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի՝ "Աշտարակ քաղաքի եւ հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում" բաղադրիչով ջրամատակարարման համակարգերը բարելավվում են Աշտարակ, Օհանավան, Կարբի, Մուղնի եւ Սասունիկ համայնքներում: Պատասխանատուները տեղեկացրին, որ արդեն իրականացված է պայմանագրով նախատեսված ընդհանուր աշխատանքների մոտ 60 տոկոսը, իսկ Աշտարակ քաղաքում՝ մոտ 50 տոկոսը: Քաղաքում կատարվում են պոմպակայանի վերակառուցման, ներթաղամասային ջրագծերի, անհատական տների համար մուտքագծերի կառուցման, ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքներ:
Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների՝ որակով իրականացումը, պատասխանատուներին հորդորեց դրանք կազմակերպել այնպես, որպեսզի բնակիչների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծվեն, ինչպես նաեւ մատակարարվող ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14