Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օրը Արագածոտնում. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեցին Լեռնապարի եւ Նիգավանի դպրոցներ

01.09.2014

Նոր ուսումնական տարին առանձնակի տոն էր Լեռնապարի միջնակարգ դպրոցի համար: Կայացավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը, այլ պաշտոնյաներ:
Այս օրվան դպրոցը եւ ողջ համայնքը վաղուց էր սպասել: Պետական բյուջեի միջոցներով կառուցված երկհարկանի շենքը լիովին նպաստավոր պայմաններ է ստեղծել դպրոցի 78 աշակերտի համար: Տարածաշրջանին հատուկ խստաշունչ ձմռան պայմաններում այն ունի բոլոր հարմարությունները. բնական գազով ջեռուցվող լոկալ համակարգ, լուսավոր, հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ: Իսկ անհրաժեշտ գույքն ու լաբորատոր սարքավորումները մարզպետի նախաձեռնությամբ ձեռք են բերվել ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամից:
Շնորհավորելով Գիտելիքի օրվա, նոր ուսումնական տարվա եւ նորաբաց դպրոցի կապակցությամբ, մարզպետն ասաց, որ երկրի իշխանության եւ նախագահի գերակա խնդիրներից մեկը հեռավոր համայնքներիում ներդրումային ծրագրերի իրականացումն է, որոնցով էլ պայմանավորված է երկրի համընդհանուր զարգացումը: Դպրոցի շահագործումը այդ ծրագրերից մեկն է, որին նախորդել եւ հաջորդելու են բազմաթիվ այլ նախագծեր:
Իր շնորհավորանքի խոսքն ասաց Արմեն Գեւորգյանը: Նա լեռնապարցիներին հավաստիացրեց, որ առաջիկա ծրագրերում անպայման կներառվեն համայնքում, մասնավորապես, դպրոցում առկա այն խնդիրները, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:
ՀՀ փոխվարչապետն ու Արագածոտնի մարզպետը այցելեցին նաեւ Նիգավանի դպրոց: Այստեղ եւս սեպտեմբերմեկյան եւ Գիտելիքի օրվան նվիրված տոնակատարությունը մեկտեղվել էր բացման արարողությանը: Հիմնական վերանորոգումից հետո իր դռներն է բացել միջնակարգ դպրոցը, որտեղ կառուցվել է նաեւ նախակրթարանը: Ծրագիրն իրականացվել է ,,Փրկեք երեխաներին,, բարեգործական կազմակերպության կողմից, որի արդյունքում նոր պայմաններում կրթություն կստանա 61 աշակերտ, իսկ նախակրթարան կայցելի 11 երեխա:
Պաշտոնյա հյուրերը ծանոթացան վերանորոգված դպրոցի եւ նորակառույց նախակրթարանի հարմարություններին, իրենց ելույթներում շնորհավորեցին բոլոր նիգավանցիներին՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կրթօջախ եւ նախակրթարան ունենալու համար, մաղթեցին հաջողություններ, նոր ծրագրերի իրականացում, ինչի իրականացման համար իրենց հավաստիացումներն արեցին:
2014-2015 ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետարանի ղեկավարությունը՝ մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակազմի անդամներն այցելեցին դպրոցներ, մասնակցեցին տոնական միջացառումներին եւ փոխանցեցին մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի ուղերձը: Ուսուցիչներն ու աշակերտները՝ ծնողների, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր հղեցին, հնչեց երգ-երաժշտություն:
Այնուհետեւ ղողանջեց առաջին զանգը, եւ սկսվեց ուսումնական նոր տարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14