Նորություններ
Ծաղկահովիտի պարի համույթը հաղթանակով է վերադարձել Քոբուլեթից
24.07.2014

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի մշակույթի տան պարի համույթը հուլիսի 15-22-ը մասնակցեց Քոբուլեթ քաղաքում կազմակերպված միջազգային փառատոնին: Մասնակցության համար ֆինանսական համապատասխան աջակցություն էր ցուցաբերել մարզպետ Սարգիս Սահակյանը:
Ներկայացուցչական փառատոնին մասնակցում էր 15 երկրից ժամանած 36 պարային խումբ: Պարուսույց Հովհաննես Ջուլհակյանի ղեկավարությամբ խումբը հաջողությամբ հաղթահարեց մրցակցությունը եւ իր հաջող ելույթներով արժանացավ առաջին մրցանակի:
Այս հաջողությունը եզակի չէ մարզում: Հունիսի 20-27-ը Թբիլիսիի եւ Բաթումի դրամատիկական թատրոններում հաշվետու համերգներով հաջողությամբ ելույթ ունեցավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի ,,Մելի մաքս,, պարային համույթը: Այս համերգը եւս միջազգային էր, եւ մեր խումբը լավագույն մասնակցության համար արժանացավ պատվոգրի:
Առաջիկայում նախատեսվում է մեկ այլ շրջագայություն: Օշականի մշակույթի տան Անժելա Շահնաբաթյանի անվան պարային համույթը Թուրքմենիայի նախագահի հրավերով կմասնակցի Ավազա քաղաքում օգոստոսի 6-8-ը կայանալիք մանկապատանեկան 5-րդ միջազգային փառատոնին: