Նորություններ
Արագածոտնի մարզպետը մասնակցեց զինվորների երդման արարողությանը
22.07.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հուլիսի 21-ին մասնակցեց Մուղնիում տեղակայված զորամասի նորակոչիկների երդման արարողությանը: Հրամանատարության հախաձեռնությամբ այն այս տարի կազմակերպվեց Կարբի համայնքի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որը կառուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ:
Հյուրերի, ծնողների, հարազատների ներկայությամբ զինվորները մեկ առ մեկ հնչեցրին իրենց հանդիսավոր երդումը: Այնուհետեւ, Կարբիի հոգեւոր հովվի օրհնանքին հաջորդեցին շնորհավորանքի եւ ողջույնի ելոււյթները:Նորակոչիկներին, նրանց ծնողներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը:
-Այս հիասքանչ կոթողի ներքո, եկեղեցու հարեւանությամբ մեր որդիներն այսօր երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին,-ասաց նա:-Մենք այսօր նվաճել ենք այն ամենը, ինչը որ երազել են մեր նախնիները՝ անկախ հայրենիք եւ մարտական բանակ:
Օրինակ բերելով արձակագիր Մուշեղ Գալշոյի հերոսին՝ Ձորի Միրոյին, ով Էրգրում կորցնելով իր ողջ գերդաստանը եւ Արեւլյան Հայաստանում վերստեղծելով նոր ընտանիք, իր վերջին շառավղին անվարան ուղարկում է պատերազմ, մարզպետը հորդորեց զինվորների ծնողներին՝ հպարտորեն կրել հայ զինվոր ունենալու իրենց կոչումն ու առաքելությունը: Նա ասաց, որ երկրի Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականներով թշնամու յուրաքանչյուր դիվերսիոն գործողություն արժանի հակահարված է ստանում: Այսպիսով, վերահաստատվում է Հայկական բանակի գերակայությունն ու անպարտելիությունը:
Զինվորներին բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն եւ անվտանգություն մաթեցին բոլոր ելույթ ունեցողները: Այնուհետեւ հրավիրյալները, զինվորները, նրանց հարազատները ծաղիկներ տեղադրեցին հուշարձանին, եկեղեցում կատարեցին մոմավառություն: