Նորություններ
Արագածոտնի ճամբարականների շախմատային հաջողությունները
21.07.2014

Գեղատեսիլ Ծաղկաձորի ,,Աղբյուր,, մանկական ճամբարում ,,Աղբյուր 2014,, խորագրի ներքո անցկացվեց արագ շախմատի մրցաշար՝ մարզերից այստեղ հանգստացող երեխաների մասնակցությամբ:
Մրցաշարը հովանավորել էր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ համագործակցելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ճամբարի տնօրինության հետ:
Մրցաշարը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց, եւ մասնակիցների թիվը հասավ մինչեւ 50-ի: Երեք օր շարունակ եռում էին շախմատային կրքերը: Ջոկատայինները խրակուսում, ոգեւորում էին իրենց ընկերներին: Հաղթանակը բաղձալի էր, քանի որ խաղարկվում էին նվերներ, մեդալներ, եւ գլխավոր գավաթը:
Դիտարշան խաղերն ու հաղթանակները շատ էին: Արդյունքում՝ առաջին մրցանակին արժանացան Սասունիկ համայնքը ներկայացնող 4-րդ ջոկատային Հայկարամ Մարգարյանը եւ 5-րդ ջոկատային Հայկ Աթոռակալյանը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքից:
Ապարան քաղաքից 2-րդ ջոկատային Ժիրայր Գեղամյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Թալինի ներկայացուցիչ, 2-րդ ջոկատային Վիգեն Խաչատրյանը:
Սասունիկի համայնքապետը հաղթողներին հանձնեց մարզական մեդալներ, պատվոգրեր, շախմատային գրականություն: Իսկ հաղթական գավաթը տրվեց ճամբարի տնօրեն Լեւիկ Հարությանին՝ հաջորդ տարի այն նորից խաղարկելու ակնկալիքով: