Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարարն այցելեց Արագածոտնի մարզ

19.07.2014

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 18-ին այցելեց Արագածոտնի մարզ: Աշխատանքային այցի ընթացքում եղավ Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոններում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:
Արմեն Մուրադյանը նաև զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց վիճակով և բուժման ընթացքով:
Թալինի բժշկական կենտրոնում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում։ Դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրեց, որ մշտապես հաջողությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը և արևային էներգիայի համակարգի ներդրումը:
Թալինի բժշկական կենտրոնում է աշխատում սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը, ով վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկել էր հիվանդներից մեկի կյանքը։ Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար նրան պարգևատրել է պատվոգրով։
Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը վերանորոգման և արդիականացման խիստ կարիք ունի։ Չնայած դրան, կենտրոնում աշխատում են բանիմաց և նվիրված մասնագետներ, նրանց թվում` սիրիահայ վիրաբույժ Բյուզանդ Քաղքեչյանը: Շրջայցի ընթացքում կենտրոնի այցելուներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնագետների պատրաստվածության և հոգատարության համար և խնդրեցին նախարարին աջակցել հիվանդանոցի արդիականացման գործին:
Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունը մարզային իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ կիրականացնի, որպեսզի Համաշխարհային բանկի մարզային հիվանդանոցների արդիականացման առաջիկա ծրագրում ընդգրկվի նաև Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը:
Աշտարակի բժշկական կենտրոնը թեև հինգ տարի առաջ հիմնանորոգվել է, բայց ինժեներական ոչ ճիշտ լուծումների պատճառով կրկին լուրջ վերանորոգումների անհրաժեշտություն կա:
Ապարանի բժշկական կենտրոնը 2011 թվականին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում հիմնանորոգվել և արդիականացվել է, ինչի շնորհիվ այն իր տեխնիկական հագեցվածությամբ և բուժօգնության կազմակերպման որակիվ չի զիջում մայրաքաղաքի հիվանդանոցներին:
Բոլոր բժշկական կենտրոններում նախարարը հետաքրքրվեց շտապ օգնության և լաբորատոր-գործիքային ծառայության հնարավորություններով և առկա խնդիրներով:
Արագածոտնի մարզպետարանում մարզպետի և բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ ափոփեց այցի արդունքները:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը նախնական հաշվարկներ է կատարել, թե որքան գումար է անհրաժեշտ Ծաղկահովիտի և Աշտարակի հիվանդանոցների արդիականացման համար: Լրացուցիչ նոր հաշվարկներ կարվեն և կներկայացվեն հանրապետության վարչապետին` հնարավորության դեպքում նաև այս կենտրոնները Համաշխարհային բանկի վարկային առաջիկա ծրագրերում ընդգրկելու նպատակով:
Անդրադառնալով պոլիկլինիկական ծառայություններին` նախարարն ընդգծեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց կարևորվում է հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայնտաբերումը:
Արմեն Մուրադյանը բուժհիմնարկների ղեկավարներին հորդորեց ուժեղացնել հսկողությունը դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացի հանդեպ:

Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14