Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը

01.07.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: Մարզպետ Սարգիս Սահակյանը, բացելով քննարկումը, նշեց միջոցառման կարեւորությունը և ակնկալեց մասնակիցների ակտիվ քննարկում:
ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրին Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանեցին քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին:
Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշեց, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Նա ընդգծեց նաև իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը, որը կհստակեցնի այդ սկզբունքների գործառույթային և արժեքային ամբողջությունը:
Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Դանիելյանի, համայնքների խոշորացման մեխանիզմն է, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթների ճկունության շնորհիվ, որը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը:
Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շեշտեց Սահմանադրության կենսաբանական նշանակության մասին, որը պետք է կարողանա արտացոլել սոցիալ-քաղաքական իրականությունը, կարգավորել հասարակական հարաբերությունները: «Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշեց Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ-ի Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո: «2005թ-ի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման հարցը որոշակիորեն լուծվեց, նվազեցվեցին նախագահի իշխանական լիազորությունները, գործադիր իշխանության ինքնուրույնությունը բարձրացվեց: Բայց այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. դրանց իրականացման երաշխիքները բացակայում են»,- ասաց Հանձնաժողովի անդամը:
Թովմասյանի խոսքով՝ պետք է սահմանել պետության պարտականությունը, որը սահմանադրական մակարդակով պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը: Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, այդ իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է, հստակ կանոնների սահմանումը: Պետք է հասկանալ, թե որքանով այդ կանոնները սահմանող մարմինները անկախ կլինեն, որքանով կկարողանան իրականացնել այդ գործառույթները և կկրեն որոշակի պատասխանատվություն: Խոսելով կառավարման ձևի մասին` Հրայր Թովմասյանը շեշտեց, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում, Նախագահը, եթե չունի պառլամենտական մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առաջ, և հասունանում է հակասություն՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև:
Հանդիպման ավարտին Հանձնաժողովի անդամները հորդորեցին ներկաներին Հայեցակարգի վերաբերյալ առաջարկները ներկայացնել նաև գրավոր տեսքով՝ Հանձնաժողովի քարտուղարությունը:

 

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14