Նորություններ
Նվիրված անհայտ կորածների հիշատակի օրվան
30.06.2014

Հայաստանում հունիսի 29-ին նշում են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որի վայրը ընտրվել էր Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը: Այն ճանաչված է ռազմահայրենասիրական դաստիարակության հենակետային դպրոց:
Բացելով հանդիսությունը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց հյուրերին, որոնց մեջ էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, զինվորականներ, ազատամարտիկների հարազատներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ:
-Մեր մարզում անհայտ կորած ազատամարտիկները 9-ն են՝ Օշական, Օրգով, Սասունիկ, Աշտարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ, Նոր Եդեսիա, Ուջան, Աղձք համայնքներից,-ասաց փոխմարզպետը:-Մենք մեծ հարգանք ենք տածում նրանց եւ նրանց հարազատների նկատմամբ, եւ այդ զգացմունքը մեկ օրով չի սահմանափակվում:
Նա փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի հարգանքի խոսքը եւ պատրաստակամությունը ազատամարտիկների հարազատներին ցանկացած հարցում աջակցելու եւ սատար կանգնելու համար:
Այնուհետեւ հնչեցին անհայտ կորածների անունները, ընթերցվեցին նրանց կենսագրությունները, որոնք ինքնին հերոսության ու հայրենասիրական դաստիարակության լավագույն դասեր են: Այնուհետեւ նրանց հարազատներին մարզպետի կողմից հանձնվեցին նվերներ:
Օրվա թեմային համահունչ իրենց կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները, որոնք առանձնակի հույզեր առաջացրին ներկաների մոտ:
Միջոցառմամբ տպավորված՝ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ օրվա առիթով միջոցառումներ է իրականացվում ողջ երկրում: Առավոտյան երկրի ղեկավարությունը, տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, հարազատները այցելեցին Եռաբլուր՝հարգանքի եւ խոնարհման տուրք մատուցելու թե՛ զոհվածներին, եւ թե՛ անհայտ կորածներին:
Իր հուզմունքն ու զգացողությունները կիսեց նաեւ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նա ասաց, որ լինելով Հայրենական պատերազմում անհայտ կորածի որդի եւ զոհվածի եղբայր, նա շատ լավ է պատկերացնում անհայտ կորած հերոսների հարազատների հոգեվիճակը:
- Մենք բոլորս սպասում ենք նրանց եւ երբեք չենք դադարեցնում նրանց հետքերով կատարվող ուսումնասիրություններն ու բանակցությունները,-ասաց գեներալ-լեյտենանտը:
Այնուհետեւ դպրոցի Փառքի սրահում տեղադրվեցին անհայտ կորածների մասին պատմող նոր նյութեր, որոնք տրամադրեցին նրանց հարազատները:
Ավարտին կատարվեց այցելություն Արցախյան հերոսամարտում զոհվածների գերեզմանատուն եւ հիշատակի տուրք ու խնկարկում կատարվեց նրանց շիրիմներին: