Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Տավուշ եւ Արագածոտն

27.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ հողային աշխատանքներն առաջիկա օրերին կավարտվեն, իսկ ճանապարհը պատրաստ կլինի շահագործման արդեն օգոստոսին:
Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում եւ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարի հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:
Այնուհետեւ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ:
Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ կառավարության որդեգրած քաղաքականությունը սահմանամերձ համայնքների նկատմամբ՝ ընդգծելով, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առկա հիմնախնդիրների լուծմանը: Այն համայնքներում, որտեղ հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվել, հնարավորինս բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Բացի նրանից, որ փոխհատուցվում են հողի հարկն ու ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը, կառավարությունը նաեւ նախատեսում է նպատակային սուբսիդավորման ծրագրեր իրականացնել սահմանամերձ համայնքներում հացահատիկային կուլտուրաների մշակման համար:
Այցի ավարտին մարզի Խաչարձան համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Բուժկետը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ արգենտինահայ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ:
Նորակառույց շենքը, բացի բժշկական եւ տնտեսական սենյակներից, ներառում է նաեւ բազմաֆունկցիոնալ սրահ: Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ բուժկետի շահագործման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններին՝ համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական գնահատեց «Հայաստան» հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը:
Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում անցակացված խորհրդակցությանը, որին մասնակցվում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Սարգիս Սահակյյանը, վերջին օրերին կարկտահարության հետեւանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվեցին գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14