Նորություններ
Արագածոտնի մարզպետարանի հյուրը երեխաներն էին
06.06.2014
Երեխաների իրավունքների պաշտպանության տասնօրյակի շրջանակում Արագածոտնի մարզպետարանի դահլիճ էին հրավիրվել սոցիալապես անապահով ընտանիքների եւ ներառական կրթության կարիք ունեցող 56 երեխա՝ ծնողների հետ: Առիթը միջոցառումն էր, որ կազմակերպվել էր մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության կողմից:
Շնորհավորելով տարբեր տարիքի երեխաներին, մարզպետն ասաց, որ նրանք մշտապես գտնվում են երկրի ղեկավարի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հոգածության ներքո: Նա իր պատրաստակամությունը հայտնեց երեխաների ցանկացած խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար: Այդ միտումով դահլիճում տեղադրված էր արկղիկ, որտեղ փոքրիկները իրենց ցանկությունների մասին գրավոր նամակներ զետեղեցին: Մարզպետը խոստացավ, որ դրանց բոլորին էլ ուշադիր կծանոթանա եւ դրանք անպայման իրականություն կդարձնի:
Ներկա երեխաների մեջ էր նաեւ Աշտարակ քաղաքում բնակվող 11-ամյա Շուշանիկ Հովակիմյանը, ով հենաշարժական խնդիրներ ունենալով հանդերձ, սովորում է Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում: Մարզպետարանի կողմից արված իրազեկման արդյունքում Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Շուշանիկի ընտանիքին երեք սենյականոց բնակարան է հատկացվել: Շուտով կնշվի նրանց բնակարանամուտը, ինչը աղջկա փայփայած երազանքն է եղել:
Մանուկներին իրենց շնորհավորանքը հղեցին Աշտարակի Արտեմի Այկվազյանի մանվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր միացան հրավիրյալներին եւ ուրախ շուրջպար բռնեցին:
Տոնի առթիվ մասնակից բոլոր երեխաները մարզպետի կողմից ստացան նվերներ:


